«Մի խումբ մարդիկ, ամենայն հավանականությամբ, կմահանան». Իլոն Մասկը դեպի Մարս առաքելության մասին ուշագրավ հայտարարություն է արել
Ամերիկյան SpaceX և Tesla ընկերությունների հիմնադիր, գործարար, միլիարդատեր Իլոն Մասկը X Prize տեխնիկական-բարեգործական հիմնադրամի նախագահի հետ հարցազրույցի ժամանակ ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել, նշելով՝ դեպի Մարս առաքելության ընթացքում, հավանաբար, մի խումբ մարդիկ կմահանան, գրում է Fox Business-ը:
«Ճիշտն ասած, մի խումբ մարդիկ, ամենայն հավանականությամբ, սկզբում կմահանան: Մենք ոչ ոքի չենք ուզում ստիպել. առաքելությանը կմասնակցեն միայն կամավորները: Շատերի կարծիքով՝ այս նախագիծը Երկիր մոլորակից «հարուստների համար փախուստի ուղի է»: Բայց դա այդպես չէ, սա վտանգավոր է: Սա երկար ճանապարհ է, որից կարող եք ողջ չվերադառնալ»,- ասել է Մասկը և հավելել՝ այնուամենայնիվ, սա հիանալի արկած է:
Հիշեցնենք՝ անցյալ ամիս Մասկը հայտարարել էր, որ իր ընկերությանը պատկանող տիեզերանավը Մարսի վրա վայրէջք է կատարելու «2030 թվականից շուտ»:
Մինչև 2050 թվականը միլիարդատերը նախատեսում է 1 միլիոն մարդ ուղարկել Մարս ու այնտեղ քաղաք կառուցել:










