Եվրահանձնաժողովի ղեկավարը հայտնել է՝ ԵՄ տարածքում երբ կվերսկվեն ուղևորությունները և որ զբոսաշրջիկներին թույլ կտրվի այցելել Միության անդամ երկրներ

10:59 • 26.04.21

Զբոսաշրջիկները, որոնք պատվաստվել են կորոնավիրուսի դեմ Դեղերի եվրոպական գործակալության (EMA) կողմից հավանության արժանացած պատվաստանյութերով, կկարողանան մուտք գործել Եվրամիություն:

Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, գրում է The New York Times-ը:

«Մի բան պարզ է՝ ԵՄ անդամ բոլոր 27 երկրներն անվերապահորեն կընդունեն բոլոր այն զբոսաշրջիկներին, որոնք պատվաստվել են գործակալության կողմից հաստատված դեղամիջոցներով»,- ասել է նա։

ԵՀ ղեկավարը նշել է՝ հավանականություն կա, որ ամառվանից ԵՄ տարածքում ուղևորությունները կարող են վերսկսվել: 

Հիշեցնենք՝ ներկայում ԵՄ շուկայում թույլատրվում են Pfizer/BioNTech (գնվել է շուրջ 600 միլիոն դեղաչափ), Moderna (գնվել է 160 միլիոն դեղաչափ) և AstraZeneca (գնվել է մոտ 400 միլիոն դեղաչափ) ընկերությունների կողմից արտադրված պատվաստանյութերը: Բացի այդ, Եվրոպական հանձանաժողովը ԵՄ-ին պատվաստանյութեր մատակարարելու առնչությամբ պայմանագրեր է կնքել Johnson & Johnson, Sanofi-GSK, CureVac ընկերությունների հետ:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Ռուսաստանի առողջապահության նախարարությունն օգոստոսին գրանցել է կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը, որը մշակվել է Գամալեայի անվան համաճարակաբանության և մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնում (ՀՄԱՀԿ)՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի հետ համատեղ: Այն ստեղծվել Է մարդու ադենովիրուսային վեկտորների բազայի վրա և ստացել Է «Սպուտնիկ V» անվանումը: Այն լուծույթ Է՝ միջմկանային ներարկման համար: