Կարծում եմ՝ կարող ենք գտնել ուղիներ ԵՄ-ից տրվող աջակցության ընդլայնման համար, անհրաժեշտ է պաշտոնական Երևանի կողմից հստակ ուղերձ. Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիս (տեսանյութ)
Լիտվան իրապես հանդիսացել է Արևելյան գործընկերության մեծ աջակիցներից մեկը և ես ողջունում եմ այն փաստը, որ համաձայնագիրը վերջերս ուժի մեջ է մտել, ինչը հստակ հարթակ է ստեղծում հետագա համագործակցության համար։ Այս մասին Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարների համատեղ ասուլիսի ժամանակ ասաց Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսը՝ անդրադառնալով Արևելյան գործընկերության համատեքստում ԵՄ-ՀՀ գործընկերությանը։
«Վստահ եմ, որ Եվրոպան ավելի շատ ներգրավվածություն կարող է ունենալ Հայաստանին աջակցություն տրամադրելու գործում, հատկապես հիմա՝ այս ծանր պահին։ Մենք կոնկրետ միջոցներ ենք քննարկել, կշարունակենք այդ քննարկումները նաև ապագայում, քանի որ Հայաստանում իրավիճակը շատ ավելի բարդ է, քան Արևելյան գործընկերության այլ երկրներում։ Սակայն դա չի նշանակում, որ Եվրոպան չի ընդառաջի Հայաստանին: Կարծում եմ՝ կարող ենք գտնել ուղիներ ԵՄ-ից տրվող աջակցության ընդլայնման համար, անհրաժեշտ է պաշտոնական Երևանի կողմից հստակ ուղերձ»։
Հարցին՝ Արցախյան պատերազմի ավարտից հինգ ամիս անց, Ադրբեջանը շարունակում է քաղաքական շահարկումների առարկա դարձնել գերիների վերադարձի հարցը, այն դեպքում ինչ դիրքորոշում ունի այս հարցի վերաբերյալ, Լանդսբերգիսը նշեց․
«Կարող եմ ասել, որ բավականին հստակ դիրքորոշում է ներկայացվել ԵՄ-ի կողմից, որ բոլոր պատանդները, գերիները պետք է վերադարձվեն։ Ես կարող եմ միայն երկրորդել Եվրամիության դիրքորոշումը»։










