Նիկոլ Փաշինյանը յուրացրել է ՀՀ վարչապետի պաշտոնը․ անհապաղ պետք է հարուցել քրեական գործ, դիմել դատարան, որ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվի կալանք․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
Ես հանցագործության մասին հաղորդում եմ տվել, հուսով եմ՝ ՀՀ գլխավոր դատախազությունը և մյուս իրավապահ մարմինները ընթացք կտան դրան, որովհետև ՀՀ նախկին վարչապետ, ՀՀ քաղաքացի Նիկոլ Փաշինյանը երկուշաբթի յուրացրել է ՀՀ վարչապետի պաշտոնը, ինչը ՔՕ 300 հոդվածի հատկանիշներով ենթադրյալ հանցագործության տարրեր է իր մեջ պարունակում։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը։
Բանախոսն ընդգծեց՝ Փաշինյանը հրաժարականի մասին հայտարարություն է արել, գրավոր դիմել է հանրապետության նախագահին, վերջինս էլ ընդունել է հրաժարականը։
«Նիկոլ Փաշինյանի լիազորությունները դադարեցված են, եթե որևէ մեկի մոտ դրա հետ կապված դեռ կասկած կա, ապա Սահմանադրության վերընթերցումը կտա բոլոր հարցերի պատասխանները։ Համաձայն Սահմանադրության՝ ԱԺ-ն վարչապետի ընտրության հարցին անդրադառնում է վարչապետի պաշտոնը թափուր մնալու դեպքում։ Եթե նա այդ պաշտոնը զբաղեցնում է այլ կարգավիճակում, նշանակում է՝ այդ պաշտոնը թափուր չէ։ Առաջին հերթին նա պետք է լքի այդ պաշտոնը, Կառավարությունը։ ԱԺ-ն հենց հիմա պետք է հրավիրի արտահերթ նիստ, առաջադրի վարչապետի թեկնածու, ընտրի, և մենք ազատվենք այդ փորձանքից»,-ասաց նա՝ նշելով, թե վարչապետի պաշտոնը ժամանակավոր կարող է կատարել փոխվարչապետը։
Ըստ Ղազարյանի՝ խնդիրն այս պահին գտնվում է Դատախազության և այլ իրավապահ մարմինների տիրույթում։ «Նրանք անհապաղ պետք է հարուցեն քրեական գործ, ՀՀ նախկին վարչապետ Նիկոլ Փաշինյանին այդ գործում ներգրավեն որպես մեղադրյալ և, հաշվի առնելով ենթադրյալ հանցագործի վտանգավորության աստիճանը, ինչպես նաև նրա՝ ազատության մեջ գտնվելու վտանգները, որ կարող են իրականացնել նոր հանցագործություններ, պետք է դիմել դատարան, որ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց անհապաղ կիրառվի»,-ասաց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը։
Նա, ըստ էության, յուրացնում է նաև օրենսդիր իշխանության լիազորությունները և հանդես է գալիս օրենսդիր իշխանության անունից՝ ասելով, թե ԱԺ-ն ինչ գործողություններ է անելու։
«Եթե «Իմ քայլը» նրան առաջադրի ու ընտրի վարչապետի պաշտոնում, դա նույնիսկ ավելի ընդունելի է, քան եթե լինեն արտահերթ ընտրություններ, քանի որ, եթե նա մնա վարչապետի պաշտոնում, դա կտևի մինչև 2023-ը, իսկ եթե լինեն արտահերթ ընտրություններ, և նա զավթի իշխանությունը, ապա մեր դժբախտությունների ժամկետը երկարացվելու է մինչև 2026 թ․»,-ասաց Ղազարյանը։
Ղազարյանը նաև հայտարարեց՝ ՀՀ նախկին վարչապետը ՀՀ տարածքում առանց ռուսական դրոշի և ռուսական ռազմական մեքենայի ուղեկցության չի կարողանում Կապանից հասնել Գորիս․ «Հիմա Կապանի օդանավակայանում ծածանվում է Ադրբեջանի դրոշը, ու կապանցիներին ասում է՝ ինչու են իրեն հայհոյում, բա պետք է գովե՞ն։ Յուրաքանչյուր քաղաքացի Փաշինյանին տեսնելիս պետք է վարվի այնպես, ինչպես նրա հետ վարվեցին Սյունիքում։ Նրա արածը մասշտաբների ու ողբերգության աստիճանի մեջ աննկարագրելի է»,-նշեց նա։










