Ադրբեջանն իրեն պահում է խիստ ապակառուցողական, խախտում է եռակողմ հայտարարությունն ու միջազգային հումանիտար իրավունքը՝ չվերադարձնելով հայ ռազմագերիներին․ Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
ԵԽԽՎ լիագումար նիստի ընթացքում բացի թուրք-ադրբեջանցի պատվիրակներից բոլոր ելույթ ունեցող եվրոպացի պատվիրակները միանշանակ իրենց դիրքորոշումը արտահայտեցին առ այն, որ հայ ռազմագերիները պետք է անհապաղ վերադարձվեն: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը:
Նրա խոսքով՝ նստաշրջանի ընթացքում տեղի ունեցավ ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի նիստ, որի ընթացքում հանձնաժողովը ընդունեց հայտարարություն, որով Ադրբեջանին կոչ է անում անհապաղ վերադարձնել հայ գերիներին: Ռուբինյանը նշեց՝ նստաշրջանից մի քանի օր առաջ ԵԽԽՎ Միգրացիայի կոմիտեի նախագահը ևս հայտարարություն էր տարածել՝ Ադրբեջանին կոչ անելով վերադարձնել հայ ռազմագերիներին:
«Ընդհանուր առմամբ այս նստաշրջանի համար մեր պատվիրակությունը իր առջև դրված խնդիրը կատարել է: Այն է՝ մասնավորապես ԵԽԽՎ շրջանակներում շարունակել մեծացնել միջազգային ճնշումը Ադրբեջանի վրա՝ փորձելով հասնել մեր խնդրի լուծմանը: Նստաշրջանի ընթացում գործադիրի մակարդակով հայտարարություններ են հնչել Գերմանիայի կողմից, եվրոպական հարցերով ներկայացուցիչն իր աներկբա դիրքորոշումն է արտահայտել առ այն, որ հայ ռազմագերիները պետք է վերադարձվեն, և դա արել է՝ ի պատասխան Ադրբեջանի պատվիրակի հարցին»,- մանրամասնել է Ռուբինյանը:
Ռուբինյանը նշեց, որ պատվիրակությունը, անկախ քաղաքական դիրքորոշումներից, միասնական է եղել. «Ակնհայտ է, որ Ադրբեջանն իրեն պահում է ծայրահեղ ապակառուցողական և խախտում է եռակողմ հայտարարությունը և միջազգային հումանիտար իրավունքը՝ չվերադարձնելով հայ ռազմագերիներին: Տղաների վերադարձին հասնելու միակ ճանապարհը միջազգային ճնշման մեծացումն է: Դա համապարփակ գործընթաց է, որը պետք է տեղի ունենա հնարավոր բոլոր միջազգային ատրյաններում և երկկողմ հարաբերություններում: Ես վստահ եմ՝ մեզ կհաջողվի հասնել մեր նպատակին»:
Պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը նշեց՝ իրենց հարց են տալիս՝ ի՞նչ օգուտ տվեց այս նստաշրջանը. «Գերիների վերադարձի համար քայլերը պետք է լինեն իսկապես համառ, պետք է ստեղծվի այնպիսի իրավիճակ, որ Ալիևի համար դառնա իսկական գլխացավանք մեր գերիներին օր ավել Բաքվում պահելը»:
Պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն էլ հայտնեց՝ Եվրոպական դատարանը շատ քիչ դեպքերում է դիմում Նախարարների կոմիտեին: Նա ընդգծեց, որ Ադրբեջանի չհամագործակցելու աստիճանը հասել է այն մակարդակի, որ կարիք է առաջացրել դիմել նախարաների կոմիտե:
«Չպետք է մոռանալ՝բավական լուրջ քննարկում ծավալվեց այս սարսափելի պուրակի հետ կապված, ելույթների մեծ մասում ընդգծվում էր ոչ միայն գերիների վերադարձի հարցը, այլ որ տվյալ պուրակը վկայում է այն մասին, որ հանձինս Ադրբեջանի՝ մենք ունենք ռասսայական խտրականության վրա հիմնված մի պետություն, որը որևիցե եղանակով չի կարող երաշխավորել ոչ միայն հայ ռազմագերիների, այլև էթնիկ հայերի անվտանգ գոյությունը Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող որևիցե տարածքում»,-ասաց Վարդանյանը:










