SIPRI-ն հրապարակել է 2020-ին ռազմական ծախսերի տեսանկյունից առաջատար երկրների ցանկը
Ստոկհոլմի խաղաղության հետազոտությունների ինստիտուտի (SIPRI) զեկույցում նշվում է, 2020 թվականի ռազմական ծախսերի տեսանկյունից՝ Ռուսաստանն ընդգրկվել է աշխարհի առաջատար երկրների հնգյակում:
Վարկանիշային աղյուսակում Ռուսաստանը զբաղեցրել է չորրորդ տեղը: 2020 թվականի համար երկրի պաշտպանական ծախսերը, ըստ հետազոտողների, կազմել են 61,7 մլրդ ԱՄՆ դոլար, որը 2,5 տոկոսով ավելին է, քան 2019-ին, միևնույն ժամանակ 26 տոկոսով ավելին, քան 2011-ին:
SIPRI-ն նշում է, որ ռազմական ծախսերը աճում են երկրորդ տարին անընդմեջ՝ 2017-2018 թվականներին կրճատվելուց հետո: Մինչև 2017 թվականը Ռուսաստանի պաշտպանական ծախսերն աճում էին 18 տարի անընդմեջ:
Չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանի ծախսերը 2020 թվականին աճել են, դրանք 6.6 տոկոսով ցածր են եղել երկրի նախնական ռազմական բյուջեից, նշում է ինստիտուտը:
Նշվում է՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները վարկանշային աղյուսակում պահպանել է առաջատարի դիրքը (778 միլիարդ դոլար): Համապատասխանաբար, երկրորդ տեղում Չինաստանն է (252 միլիարդ ԱՄՆ դոլար), որի ռազմական ծախսերն աճում են արդեն 26 տարի անընդմեջ: Երրորդ տեղում է Հնդկաստանը (72,9 միլիարդ ԱՄՆ դոլար), իսկ հինգերորդ տեղում՝ Մեծ Բրիտանիան (59,2 միլիարդ ԱՄՆ դոլար):










