Ռուսաստանը «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ուկրաինայի դեսպանության աշխատակցին

19:49 • 26.04.21

Ռուսաստանը «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Մոսկվայում Ուկրաինայի դեսպանության աշխատակցին: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ դիվանագետը երկրից պետք է հեռանա մինչև մայիսի 1-ը:

«Ուկրաինական կողմը նախազգուշացվել է, որ Ուկրաինայում ռուսական դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների աշխատակիցների դեմ թշնամական գործողությունները շարունակելու դեպքում փոխադարձության սկզբունքով լրացուցիչ միջոցներ կձեռնարկվեն ՌԴ-ում ուկրաինական դեսպանատան, գլխավոր հյուպատոսությունների և հյուպատոսությունների անձնակազմի նկատմամբ»,- հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից:

Ռուսաստանն ավելի վաղ երկրից արտաքսել էր Սանկտ Պետերբուրգում Ուկրաինայի հյուպատոս Վասիլի Պոկոտիլոյին: ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության տվյալներով՝ նրան ձերբակալել էին ՌԴ բնակչի հետ հանդիպման ժամանակ, երբ նրան գաղտնի տեղեկություն էին փոխանցում: Վերջինս ՌԴ-ից հեռացել է ապրիլի 21-ին:

Դրան ի պատասխան Ուկրաինայի իշխանությունները բողոքի նոտա են հանձնել և «պերսոնա նոն գրատա» են հայտարարել Կիևում ՌԴ դեսպանության աշխատակցին: Նա նույնպես ՌԴ է վերադարձել ապրիլի 21-ին: