Հարմար պահ էր, որ ամերիկյան քաղաքական վերնախավը, որը դժգոհ էր Թուրքիայից, ապտակ հասցներ նրան, իր տեղը ցույց տար․ թուրքագետը՝ Բայդենի ուղերձի մասին

21:10 • 26.04.21

ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն առաջին հերթին մենք պետք է գնահատենք որպես անարդարության վերացում։ Նա Tert.am-ի հետ զրույցում նկատեց՝ ԱՄՆ-ը շատ լավ տեղյակ էր Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացից, գիտեր, թե ինչ էր տեղի ունեցել։

«Ճանաչման գործընթացը սկսվել է 1915 թվականի դեկտեմբերից՝ Կոնգրեսից, հիմա նախագահն այդ գործընթացն ավարտին է հասցնում։ Այնպես որ, առաջին հերթին ճանաչումով իրենք իրենց մեղքից ազատվեցին, մինչև հիմա պատմական ճշմարտությունը չէին ճանաչում՝ շատ լավ իմանալով, թե ինչ է տեղի ունեցել»,- ասաց նա։

Ռուբեն Սաֆրաստյանը նշեց, որ հիմա ճանաչման պատճառը առաջին հերթին ամերիկահայ համայնքի նպատակասլաց աշխատանքն է, բայց նաև՝ թուրք-ամերիկյան հարաբերությունների ցածր մակարդակը։

«Կարծում եմ, որ որոշիչ դեր խաղաց այն հանգամանքը, որ կարևոր տեղաշարժեր են տեղի ունենում ամերիկյան արտաքին քաղաքականությունում։ Ամերիկացիների համար հիմա համաշխարհային թատերաբեմում հիմնական ախոյանը Չինաստանն է։ ԱՄՆ-ն իր արտաքին քաղաքական հետաքրքրությունները տեղափոխում է դեպի Հարավարևելյան Ասիա, Խաղաղ օվկիանոս, որտեղ ակտիվ է Չինաստանը։ Մերձավոր Արևելքի և Թուրքիայի դերը ամերիկացիների մոտ նվազում է, և դա հարմար պահ էր, որ ամերիկյան քաղաքական վերնախավը, որը դժգոհ էր Թուրքիայից, ապտակ հասցներ նրան, Թուրքիային իր տեղը ցույց տար»,- ասաց նա։

Ճանաչումը, ըստ թուրքագետի, առանձնապես մեծ հետևանքներ չի ունենա։ «Բայդենի հետ հեռախոսազրույցի ժամանակ, երբ ասվել էր, որ ճանաչելու է Ցեղասպանությունը, էրդողանը ասել էր, որ դա կլինի վերք թուրք-ամերիկյան հարաբերություններում,- ասաց նա՝ միևնույն ժամանակ նկատելով, որ այս տարի ԱՄՆ-ի կողմից Ցեղասպանության ճանաչումը  Թուրքիայի համար սպասված էր,- եթե հաշվի առնենք այն ֆոնը, որ Բայդենը նախագահ դառնալուց հետո հեռախոսազրույց չէր ունեցել Էրդողանի հետ, ապա արդեն սպասվում էր, որ նման բան պետք  է տեղի ունենար»։

Անդրադառնալով Ապրիլի 24-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի՝ Պոլսո պատրիարք Սահակ Մաշալյանին ուղղված նամակին, որտեղ խոսվում էր Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու ցանկության մասին, Ռուբեն Սաֆրաստյանը նշեց՝ ոչ մի նոր բան չկար։

«Պետք է ռեալիստ լինել և հասկանալ, որ այդ խոսքերը, հռետորաբանությունը ոչինչ չարժեն։ Եթե Թուրքիան իսկապես ցանկանում է Հայաստանի հետ հարաբերություններ կարգավորել, պետք է ինքը առաջին հերթին հրաժարվի երեք նախապայմաններից, որ առաջ է քաշել և տասնամյակներ պահում է իր արտաքին քաղաքականության օրակարգում։ Դրանք վերաբերում են Ղարաբաղյան հիմնախնդրին, Ցեղասպանության ճանաչմանը և Կարսի պայմանագրին։ Թուրքիան նաև բացահայտ թշնամաբար է տրամադրված Հայաստանի նկատմամբ, և մենք տեսանք, որ դա չվերացավ Ղարաբաղյան պատերազմից հետո»,- ասաց նա։

Խոսելով Թուրքիայի թշնամական վերաբերմունքին զուգահեռ ՀՀ իշխանությունների կողմից Թուրքիայի հետ հարաբերությունները «շտկելու» մասին հայտարարություններից՝ Ռուբեն Սաֆրաստյանը նշեց, որ ինքն ընդհանուր առմամբ, դեմ չէ, որ հարևան երկրի հետ հարաբերությունները կարգավորեն։

«Բայց դրա համար նախադրյալներ են պետք, իսկ դա Թուրքիայի վերաբերմունքն է Հայաստանի նկատմամբ։ Իսկ եթե նա թշնամական վերաբերմունք ունի Հայաստանի նկատմամբ, ուրեմն նախադրյալներ չկան։ Դրա համար ես կարծում եմ, որ մեր մոտեցումը, որ ներկա պայմաներում կարող ենք հարաբերություններ կարգավորել, սխալ է»,- ասաց նա։

Անդրադառնալով Մեղրիի միջանցքի մասին, որի հնարավորություններից խոսում են ՀՀ իշխանությունները, թուրքագետը նշեց, որ այն մեզ համար վտանգ է, և դա պետք է լավ հասկանանք։

«Սա առաջին հերթին Թուրքիայի և Ադրբեջանի պանթուրքիստական ծրագրերի իրականացմանն ուղղված մի առաջարկ է։ Այնպես որ, դրանից իրական տնտեսական օգուտ, չեմ կարծում, որ ստանալ հնարավոր կլինի։ Դա պարզապես վտանգ է մեզ  համար»,- ասաց նա։

Վերադառնալով ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման թեմային՝ նա նշեց, որ դրա շնորհիվ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը նոր թափ կստանա։ «Այս պայմաններում մենք, որպես պետություն, պետք է սկսենք ավելի լուրջ մտածել Ցեղասպանության գործընթացն առաջ տանելու մասին, այն տեղափոխելու արդեն իրավական դաշտ, նախապատրաստվելու հատուցման գործընթացին»,- ասաց նա։

Նա չհամաձայնեց, որ այս հարցում ուշացել ենք։ Նշեց, որ գործընթացը բարդ է և ժամանակատար։ «Մեր պետությունը պետք է պարզապես ստանձնի համակարգողի դեր, կարողանա կենտրոնացնել ողջ հայության ինտելեկտուալ, մասնագիտական, փորձագիտական միտքը, որ այդ խնդիրը կարողանանք առաջ տանել։ Գուցե համապատասխան կենտրոններ ստեղծվեն, մասնագետներ հրավիրվեն, բոլոր հարցերը ուսումնասիրվեն։ Կրկնեմ՝ դժվար խնդիր է, բայց պետք է համառ և հետևողական աշխատանք տանել այդ ուղղությամբ»,- ասաց նա։