Սոմալիի մայրաքաղաքում անվտանգության ուժերի տարբեր ստորաբաժանումների միջև մարտեր են սկսվել
Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում մարտեր են սկսվել անվտանգության ուժերի տարբեր ստորաբաժանումների միջև, հայտնում է BBC լրատվականը։
Նշվում է, որ նախագահական պալատի շրջակայքում կիրառվել են ծանր զենքեր և ականանետ։ Հայտնի է, որ որոշ ստորաբաժանուներ աջակցում են Սոմալիի նախագահ Մուհամմադ Աբդուլլահ Մուդամմադին, իսկ մնացյալը դեմ են նրա կառավարմանը։
Նախագահի պաշտոնավարման ժամկետն ավարտվում էր փետրվարին, սակայն նա իր պաշտոնավարումը երկարաձգել է ևս երկու տարով ինչը քննադատության է արժանացել միջազգային հանրության, ՄԱԿ-ի և Աֆրիկյան միության կողմից։
Տեղական լրատվամիջոցները նշել են, որ մարտերն ընթացել են իշխանամետ ուժերի և ընդդիմությանը սատարող ստորաբաժանումների միջև, սակայն բախումներին մասնակցում են նաև որոշ նախկին զորավարներ և կլանների ղեկավարներ: Զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չկան։
Հայտնի է, որ ընդդիմադիր ուժերը վերահսկողություն են հաստատել մայրաքաղաքի հյուսիսային մասերում։ Սոմալիի նախկին նախագահ Հասան Շեյխ Մոհամուդը և ընդդիմության առաջնորդ Աբդրահման Աբդիշաքուրը հայտարարել են, որ իշխանամետ զինվորները հարձակում են գործել իրենց տների վրա:
Սոմալիում, տարիներ տևած հակամարտությունից հետո, 2012 թվականին միջազգային աջակցությամբ կազմված կառավարությամբ սկիզբ էր դրվել դեպի կայունություն տանող գործընթացին։ Այստեղ ընտրությունները կայանում են բարդ համակարգի միջոցով՝ կլանային երեցներն ընտրում են պատգամավորներին, որոնք իրենց հերթին ընտրում են երկրի նախագահին։
ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը նշել է, որ քաղաքական փակուղին շեղում է ուշադրությունն ավելի կարևոր խնդիրներից, ինչպիսին են համավարակը, իսլամիստական ռազմատենչությունը և այլն։










