ՌԴ-ն արևային էներգիայի արտադրության համար հսկայական ներուժ ունի. ISA
Ռուսաստանի հարավային հատվածը հսկայական ներուժ ունի արևային էներգիայի արտադրության համար:
Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում հայտնել է Միջազգային արևային դաշինքի (ISA) գլխավոր տնօրեն Աջայ Մաթուրը:
«Մենք կցանկանայինք, որ աշխարհի բոլոր երկրներն անդամակցեին դաշինքին: Մինչ վերջերս անդամակցությունը սահմանափակվում էր միայն Հյուսիսի և Հարավի արևադարձային գոտիների միջև գտնվող երկրներով: Բայց հիմա այն ընդլայնվել է ամենուր, և մենք դիտարկում ենք Ռուսաստանի նման երկրներին: Մենք հավատում ենք, որ հատկապես Ռուսաստանի հարավային հատվածը հսկայական ներուժ ունի արևային էներգիայի արտադրության համար»,- ասել է Մաթուրը:
Բացի այդ, դաշինքի ղեկավարը շեշտել է՝ Ռուսաստանը Երկրի վրա տարածքով ամենամեծ պետությունն է:
«Հուսով ենք, որ այն կդառնա արևային դաշինքի անդամ: Հուսով ենք՝ Ռուսաստանը շուտով կմիանա մեզ: Ես շատ կցանկանայի գալ Ռուսաստան և հարգանքի տուրք մատուցել Ռուսաստանի ղեկավարությանը»,- հավելել է նա:










