«Կա մշտական սպառնալիք». Զելենսկին Financial Times-ի հետ հարցազրույցում` ռուսական զորքերի մասին

13:20 • 26.04.21

Չնայած Ուկրաինայի սահմաններից ռուսական զորքերի հեռացմանը` Ռուսաստանի Դաշնությունից մշտական սպառնալիք կա:

Financial Times-ին տված հարցազրույցում նման տեսակետ է հայտնել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ ապաշրջափակումն անվանելով Ուկրաինայի ու նրա դաշնակիցների «փոքր հաղթանակ»:

«Իհարկե, մշտական սպառնալիք կա, քանի որ մենք պատերազմում ենք, հատկապես Դոնբասի շրջանում, և բոլորս գիտենք, որ ռուսական բանակը շատ հզոր ուժ է: Այն անընդհատ գտնվում է մեր սահմաններին», - ասել է երկրի նախագահը և շեշտել՝ ուկրաինական սահմանի մոտակայքում գտնվող ռուսական զորքերը նաև հոգեբանական ճնշում են իրենց համար:

«Այս առումով մենք պատրաստ ենք տհաճ անակնկալների: Մենք կփորձենք խուսափել դրանցից: Մեր զինված ուժերը շատ ուժեղ են, և մենք պատրաստ ենք կանխել ագրեսիայի ցանկացած սպառնալիք»,-ասել է Զելենսկին:

Հիշեցնենք՝ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ավելի վաղ հայտարարել էր երկրի հարավային և արևմտյան շրջաններում զորավարժությունների ավարտի մասին։ Նա հրահանգել էր Ռուսաստանի հարավում զորավարժություններին մասնակցող զորքերը վերադարձնել իրենց հիմնական տեղակայման վայրեր մինչև մայիսի 1-ը։

Շոյգուի վստահեցմամբ՝ զորքերը ցուցաբերել են երկրի հուսալի պաշտպանությունն ապահովելու իրենց ունակությունը և համարժեք կերպով են արձագանքում Ռուսաստանի սահմանների մոտ իրավիճակի բոլոր փոփոխություններին։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, ՌԴ զինված ուժերն օրերս զորավարժություններ են անցկացրել Ղրիմում։ Դրանց մասնակցել է ավելի քան 10 հազար զինծառայող, 1200 միավոր տեխնիկա, 40 ռազմանավ և 200 օդանավ։