«Նման պատկերները համարում եմ խիստ տագնապալի և նվաստացուցիչ». ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարն Ալիևին հղած նամակում քննադատել է Բաքվի «Ռազմավարի պուրակը»

15:02 • 27.04.21

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ կոչ անելով չհավերժացնել և չբազմապատկել Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ հակամարտության հետևանքով տուժած համայնքների միջև արդեն իսկ խորապես արմատավորված վիրավորանքները։

Եվրախորհրդի հանձնակատարի գրասենյակի հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության համաձայն՝ Միյատովիչը մտահոգություն է հայտնել վերջերս Բաքվում «Ռազմավարի պուրակի» բացման կապակցությամբ, որում պատերազմի ընթացքում հայկական կողմից առգրավված զինտեխնիկայի հետ մեկտեղ ցուցադրված են մարդկային արժանապատվությունը նսեմացնող տեսարաններ, այդ թվում՝ զոհված կամ մահացող հայ զինվորների մոմե մանեկեններ։

«Նման պատկերները ես համարում եմ խիստ տագնապալի և նվաստացուցիչ», - շեշտել է հանձնակատարը՝ հավելելով, որ «նման ցուցադրությունը կարող է էլ ավելի ուժեղացնել տևական թշնամական տրամադրությունները և ատելության խոսքը, բազմապատկել և խրախոսել անհանդուրժողականության դրսևորումները»։

Միյատովիչն Ալիևին կոչ է արել «ամուր դիրքորոշում որդեգրել թշնամանք կամ ատելություն բորբոքող հռետորության կամ գործողությունների դեմ և փոխարենը լիակատար աջակցություն ցուցաբերել ու քաղաքական հենարան հանդիսանալ հակամարտությունից տուժած բնակչությունների միջև խաղաղությունը և հաշտեցումը խրախուսող ջանքերին՝ մտքում ունենալով Ադրբեջանի և Հայաստանի ապագա սերունդների բարեկեցությունը»։

Եզրափակելով խոսքը՝ հանձնակատարը պատրաստակամություն է հայտնել առաջին իսկ հնարավորության դեպքում այցելելու Ադրբեջան՝ պայմանով, որ իր մանդատին համապատասխան հասանելիություն պետք է ունենա մարդու իրավունքներին առնչվող բոլոր վայրերին՝ երկրի միջազգայնորեն ճանաչված սահմաններում։