Բնական է, որ նման միջադեպեր կարող են լինել․ այնպես չէ՝ մեր հարևանը Ֆրանսիան է, և պայմանավորվածությունները լիակատար լինելու են․ «Իմ քայլի» պատգամավորը՝ ադրբեջանցիների կողմից հովվին քաշքշելու մասին
Ասել, թե այս պահին Սյունիքում լուրջ անվտանգային խնդիրներ կան, և այս պահին Սյունիքում բնակվելը վտանգավոր է, իհարկե այդպես չէ։ Բնական է, որ նմանօրինակ միջադեպեր կարող են հանդիպել, այնպես չէ, որ մեր հարևանը Շվեյցարիան է, Ֆրանսիան է, և այն ամենը, ինչ գրված է թղթի վրա, պայմանավորվածությունները կան համաձայնագրով, լիակատար, օրենքի տառին համապատասխան իրականացվելու են։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ անդրադառնալով Սյունիքի Արավուս գյուղում հովվին ադրբեջանցի զինծառայողների կողմից քաշքշելու և հարվածելու դեպքին։
«Իհարկե, լինելու են միջադեպեր, բայց դրանք հնարավորինս պետք է կանխվեն, ցանկացած միջադեպ դրդում է նրան, որ այդ ուղղությամբ միջոցներ ձեռնարկվեն։ Փաստը հիմա ուսումնասիրվում է, դեռևս օբյեկտիվ և բազմակողմանի տեղեկատվություն չունեմ՝ ինչ է տեղի ունեցել, սակայն կարծում եմ, որ պատկան մարմինները պետք է ձեռնարկեն բոլոր միջոցառումները՝ նման բոլոր դեպքերը բացառելու համար»,-ասաց Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ հովվի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքը պետք է մանրամասն քննվի, ներկայացվի նաև ռուսական խաղաղապահ զորքերին։
Ինչ վերաբերում է ՄԻՊ-ի եզրահանգմանը, թե պետք է ստեղծվի անվտանգության գոտի, պատգամավորն արձագանքեց, թե շատ լավ կլինի, եթե դա լինի։ «Ընդհանրապես, շատ բաներ կան, որ մեր պատկերացումներով, լավ կլինի, որ լինեն, սակայն պետք է հաշվի առնենք հնարավորությունները, և թե դրանց հասնելու ճանապարհներն ինչքանով են ռեալ»,-ասաց նա։
Նա ընդգծեց՝ պատերազմից հետո էական փոփոխություններ են կրել սահմանները, սահմանամերձ գոտիները, սահմանների վերահսկողությունը․ «Կարևոր է այդ վերահսկողության ուժեղացումն ու արդյունավետության բարձրացման ուղղությամբ ամենօրյա աշխատանքի կատարումը, բայց աշխատանքների ծավալն այնքան մեծ է, որ 1-2 ամսվա մեջ հնարավոր չէ անել։ Պետք է ստեղծել և՛ սահմանապահ գոտի, և՛ անվտանգային ուժերի տեղաբաշխվածության հարց լուծել, և՛ բանակի մեջքն ուղղել»-ասաց պատգամավորը։










