Վաշինգտոնի իշխանությունները Թրամփի երդմնակալության օրն ավելի քան 200 ցուցարարի ձերբակալման համար ավելի քան 1,6 մլն դոլար կվճարեն

10:37 • 27.04.21

Վաշինգտոնի իշխանությունները երկու հայցի կարգավորման շրջանակում համաձայնել են 2017 թվականի հունվարին ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության ժամանակ ավելի քան 200 ցուցարարի ձերբակալման համար ավելի քան 1,6 մլն դոլար վճարել: Այս մասին հայտնում է The Washington Post թերթը։

Հայցվորները, որոնց շահերը ներկայացրել է «Քաղաքացիական ազատությունների պաշտպանության ամերիկյան միություն» իրավապաշտպան կազմակերպությունը (ACLU), պնդում էին՝ ոստիկանության աշխատակիցները խախտել են լրագրողների, դիտորդների և բողոքի մասնակիցների սահմանադրական իրավունքները՝ ձերբակալելով նրանց այն բանից հետո, երբ իրենց հետ կապ չունեցող ինչ-որ վանդալներ անկարգություններ են հրահրել Վաշինգտոնի կենտրոնում:

Մայրաքաղաքի շրջանի վարչակազմը, դատական փաստաթղթերի համաձայն, պարտավորվել է ավելի քան 600 հազար դոլար վճարել 6 հայցվորի, որոնց շահերը ներկայացնում է ACLU-ն, ինչպես նաև 1 միլիոն դոլար՝ մյուս 200 ձերբակալվածներին, որոնք պնդել են՝ իրավապահ մարմինների աշխատակիցները 16 ժամվա ընթացքում նրանց պահել են առանց սննդի, ջրի և զուգարան գնալու հնարավորության։

Վաշինգտոնի քաղաքապետ Մուրիել Բաուզերը և ոստիկանությունը հրաժարվել են մեկնաբանել դատական որոշումների հնարավոր ազդեցությունը ապագա ցույցերի վրա:

«Մենք այդ հարցը լուծել ենք», - հայտնել է քաղաքապետը։