«Նեղացած միայնակ եվրոպուհին». Զախարովան մեկնաբանել է Եվրահանձնաժողովի ղեկավարի՝ Թուրքիայում աթոռի հետ կապված միջադեպին արձագանքը

16:23 • 27.04.21

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի՝ Անկարայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի հետ հանդիպման ժամանակ իրեն աթոռ չտրամադրելու միջադեպի կապակցությամբ արձագանքը։

Facebook-ում Զախարովան, վկայակոչելով ԶԼՄ-ները, մեջբերել է միջադեպից հետո Եվրահանձնաժողովի ղեկավարի խոսքից մի նախադասություն, որում, մասնավորապես, ասվում է․ «Ես վիրավորված էի։ Ես ինձ միայնակ էի զգում և՛ որպես կին, և՛ որպես եվրոպացի»։

«Հիշեցնեմ, որ հենց այս «նեղացած միայնակ եվրոպուհին», ինչպես ինքն է իրեն անվանել, առաջարկել է Ռուսաստանի հետ երկխոսություն վարել ուժի դիրքերից»,- գրել է Զախարովան։

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի և Եվրահանձնաժողովի ղեկավարի հանդիպումը տեղի է ունեցել ապրիլի 6-ին Անկարայում: Համացանցում հրապարակված տեսանյութում երևում էր, որ բանակցությունների սրահում երկու աթոռ է տեղադրված եղել, որին տեղավորվել են Միշելն ու Էրդողանը, իսկ Ֆոն դեր Լյայենը մնացել է կանգնած: Այնուհետև նրան նստեցրել է բազմոցին՝ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուի դիմաց, որի պաշտոնն ավելի ցածր է դիվանագիտական կանոնակարգով:

Նախօրեին Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Եվրախորհրդարանի պատգամավորների հետ զրույցում իր կարծիքն էր հայտնել, թե ինչու էին իրեն աթոռից զրկել Եվրախորհրդի և Թուրքիայի ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։

«Ես դրան ուրիշ բացատրություն չեմ գտնում բացի նրանից, որ ես կին եմ»,- ասել է Ֆոն դեր Լյայենը՝ ելույթ ունենալով պատգամավորների առաջ Եվրախորհրդարանի լիագումար նիստում:

Նա նաև հիշեցրել է, որ առաջին կինն է իր պաշտոնում և անհրաժեշտ է համարում, որ իր հետ վարվեն ինչպես Եվրահանձնաժողովի նախագահի հետ: «Դեռ շատ բան պետք է արվի, որպեսզի կանանց վերաբերվեն հավասարի պես»,- մեկնաբանել էր պաշտոնյան: