Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավորը ԵՄ-ին կոչ է արել Բաքվից պահանջել հայ ռազմագերիների վերադարձը
Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուա Քզավիե Բելամին Եվրոպական միությանը կոչ է արել Ադրբեջանից պահանջել անհապաղ վերադարձնել հայ ռազմագերիներին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ պատգամավորն իր ելույթում նշել է, որ այցելել է Երևան ու տեսակցել Արցախյան երկրորդ պատերազմում վիրավորված մի խումբ զինվորների:
«Ես այցելել եմ հայկական հիվանդանոց, որտեղ բուժվում են վերջին պատերազմում տուժածները և, հանդիպելով նրանց հետ հայացքներով, ես ամաչեցի, որ գալիս եմ Եվրոպայից: Զգացի ամոթ Էրդողանի գործողությունների դիմաց եվրոպական փոխզիջումներից, զգացի ամոթ Սիրիայում «Դայեշ»-ին հաղթելուց հետո դավաճանության մատնված քրդերի համար, զգացի ամոթ Լիբիայի քաղաքացիական բնակչության համար, զգացի ամոթ մեր հույն, կիպրոսցի, բուլղար եղբայրների համար, որոնց ինքնիշխանությունն անընդհատ վտանգվում է, զգացի ամոթ Եվրոպայի եղբայր հայ ժողովրդի համար` մատնված միակողմանի ագրեսիայի և, որը ստիպված միայնակ է առերեսվել Էրդողանի ջիհադիստ վարձկաններին, կասետային ռումբերին»,- նշել է պատգամավորը:
Բելամին հավելել է, որ այցելել է նաև Եռաբլուր, որտեղ թաղված են հազարավոր երիտասարդներ, որոնք զոհվել են միայն նրա համար, որ Էրդողանը որոշել էր, որ բռնի ուժն ավելի լավ է, քան դիվանագիտությունը` իր շահերը պնդելու, առաջ մղելու համար:
«Դա մեծագույն հանցագործություն է, որը կատարվում է երկրի մի ղեկավարի կողմից, որը ժխտում է Հայոց ցեղասպանությունը, ինչն արդեն պետք է ահազանգ լինի մեզ համար: Սա նաև սարսափելի նախադեպ է, քանի որ մենք առանց որևէ բառ ասելու, թույլ ենք տալիս, որ ՆԱՏՕ-ի երկրորդ բանակն անպատժելիորեն խախտի միջազգային իրավունքը: Եվրոպան ունի գործելու բավական լծակներ` առաջինը դա կլիներ վերջապես պահանջել, որ բոլոր հայ ռազմագերիները, որոնք դեռ պահվում են Բաքվում, ազատ արձակվեն անհապաղ, որպեսզի վերջ դրվի այս ռազմական հանցագործությանը, եթե Եվրոպան ցանկանա, դա կարող է անել»,- ասել է Բելամին:










