Իրավիճակն ավելի քան ճգնաժամային է, և մենք մոտ ենք վախճանին, իսկ ընդդիմությունն այս պահին շարժվում է Փաշինյանի օրակարգով, բոլորը քննարկում են արտահերթ ընտրությունները. Ա․ Հովհաննիսյան (տեսանյութ)
Իրավիճակը ավելի քան ճգնաժամային է, և մենք մոտ ենք վախճանին, խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերը շարժվում են նրա օրակարգով, իսկ պատկան մարմինները ուղղակի ծաղրում են իրավիճակը: Այս մասին ասուլիսի ընթացքում ասաց «Իրավական կրթություն և վերահսկողություն» հասարակական կազմակերպության հիմնադիր, ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը:
«Փաշինյանը իր գործողություններով Հայաստանը մոտեցրել է մեր պետության պետականության վախճանին, որքան էլ մենք փրկության կոչերով հանդես գանք, իրավիճակը ճգնաժամային է: Սյունիքում հնչած բառապաշարը հարիր չէ մեզ, բայց ես լիովին հասկանում եմ այդ մարդկանց, թե ինչու են նրանք այդպես իրենց պահել: Սյունիքում մարդիկ ճակատ առ ճակատ պայքար են մղում ադրբեջանցու հետ, իսկ երեկվանից պարզ է դարձել, որ էլի ինչ-որ տարածքներ են զիջվել: Ես ծաղր եմ նկատում պաշտպանության նախարարի, Անվտանգության խորհրդի քարտուղարի և մնացած պատկան մարմինների կողմից, որոնք ասում են՝ Սյունիքն անվտանգ է»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը:
Խոսելով ընդդիմությունից՝ նա նաև հավելեց՝ տեղյակ չէ, թե ինչ պլան «Բ»-ի մասին է խոսքը, քանի որ որոշումներ կայացնող շրջանակի մեջ ներգրավված չէ:
«Ես շարժման մեջ մասնակցել եմ որպես կազմակերպություն ներկայացնող անձ և որոշում կայացնող օղակի մեջ ներգրավված չեմ եղել, հետևաբար չգիտեմ՝ ինչ պլան «Բ»-ի մասին է խոսքը: Շարժումը գուցե շարունակվում է, կան ակցիաներ, ՀՅԴ-ի երիտթևն է աշխատում, բայց դա բավարար չէ, որ այսպիսի երևույթից շուտ պրծնենք, իսկ իր հետ հանգուցալուծումը անհնար է»,- նշեց նա:
Արփինե Հովհաննիսյանը, որպես խոսքի ամփոփում, հավելեց՝ մենք սերունդ ենք կորցրել, ինչը մեծ ազդեցություն է ունենալու հետագայում, այսօր Քյարամ Սլոյանը կդառնար 25 տարեկան, իսկ մենք նստել ենք Նիկոլ Փաշինյանից ենք խոսում:
«Մենք մի հարց պետք է տանք՝ մնում ես, որ ի՞նչ անես, ի՞նչ չես հասցրել անել, այս հարցը պետք է հուզի ՀՀ ցանկացած քաղաքացու, մնում է ի՞նչ անի, այդ մարդը ի՞նչ լավ բան է արել իր ղեկավարման օրոք, ես այս հարցն եմ ուղղում այն մարդկանց, ովքեր կուրորեն հավատացին Նիկոլ Փաշինյանին և հիասթափվեցին, ու ՀՀ-ն հիասթափված քաղաքացիների պետություն է դարձել»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը:










