Bloomberg-ը հրապարակել է համավարակի ֆոնին ամենաապահով երկրների վարկանշային ցանկը

11:44 • 27.04.21

Սինգապուրը կորոնավիրուսային համավարակի ընթացքում ամենաապահով երկրների վարկանիշում առաջ է անցել Նոր Զելանդիայից:

Այս մասին գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով սեփական հետազոտության տվյալները: 

Ըստ այդմ, նման դրական արդյունքի հիմնական գրավականը բնակչության պատվաստումների բարձր մակարդակն է, ինչպես նաև երկրում ներսում կորոնավիրուսի տարածման դեմ արդյունավետ պայքարը:

Նշենք՝ Նոր Զելանդիան Bloomberg լրատվական գործակալության կազմած 2020 թվականի նոյեմբեր ամսվա վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է առաջին տեղը: Այնուամենայնիվ, կորոնավիրուսի դեմ ազգային պատվաստումների արշավների մեկնարկից հետո այն զիջել է առաջին տեղը Սինգապուրին, որի բնակչության գրեթե 20 տոկոսն արդեն պատվաստվել է:

Վարկանիշային աղյուսակում, որում ներառվել է 53 երկիր, պետության դիրքը հաշվարկելու հիմնական ցուցանիշներն են եղել կորոնավիրուսի դեպքերի ընդհանուր թվի, մահացության մակարդակի, հետազոտված մարդկանց թվի և պատվաստումների մակարդակի վերաբերյալ տեղեկատվությունը:

Այդպիսով, Սինգապուրը հավաքել է 79,7, իսկ Նոր Զելանդիան  79,6 միավոր: Ավստրալիան (76,2 միավորով) և Իսրայելը (74,9 միավորով) նույնպես առաջատարների շարքում են՝ համապատասխանաբար զբաղեցնելով երրորդ և չորրորդ տեղերը:

Ռուսաստանը 60,9 միավորով վարկանշային աղյուսակի 22-րդ տեղում է՝ առաջ անցնելով Պորտուգալիայից և Իսպանիայից (59,7-ական միավոր), ինչպես նաև Իռլանդիայից (57,7), Գերմանիայից (54,9 միավոր) և Ավստրիայից (54,2 միավոր):

Վարկանշային աղյուսակի վերջին հորիզոնականներում ընդգրկված են աշխարհի 3 երկիր` Արգենտինան (41,4 միավոր), Լեհաստանը (40,6 միավոր) և Բրազիլիան (39,1 միավոր):