ԱՄՆ-ն 60 միլիոն չափաբաժին AstraZeneca պատվաստանյութ կմատակարարի այլ երկրների

09:52 • 27.04.21

Միացյալ Նահանգները հայտարարել է, որ նախատեսում է կորոնավիրուսի դեմ AstraZeneca պատվաստանյութի իր պաշարները բաժանել այլ երկրների, հայտնում է Al Jazeera լրատվականը և հավելում, որ որոշումը կայացվել է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի վարչակազմի վրա կիրառված ճնշման ֆոնին՝ պատվաստանյութերի համաշխարհային անաչառությանն աջակցելու համար։

Սպիտակ տունը նշել է, որ մոտ 60 միլիոն չափաբաժին AstraZeneca պատվաստանյութ հասանելի է արտահանման համար, սակայն հստակ չի նշվել, թե որտեղ պիտի մատակարարվի պատվաստանյութը։

«Այժմ մենք AstraZeneca պատվաստանյութի ոչ մի չափաբաժին չունենք», - ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին և հավելել, որ կարգավորիչ մարմինները պետք է վերանայեն առկա պատվաստանյութերի որակը։

Սպիտակ տան մամուլի քարտուղարը նշել է, որ առաջիկայում կարտահանվի նշված պատվաստանյութերի 10 միլիոն չափաբաժինը, իսկ մյոս 50 միլիոնը, որն արտադրման փուլում է, կարտահանվի մայիս և հունիս ամիսներին։

ԱՄՆ-ի Սննդամթերք և դեղորայքի որակի սանիտարական հսկողության վարչությունը դեռևս չի թույլատրել AstraZeneca պատվաստանյութի կիրառումը Միացյալ Նահանգներում։

«Կորոնավիրուսի դեմ AstraZeneca պատվաստանյութ նվիրելու ԱՄՆ-ի իշխանությունների որոշումը աշխարհում մատչելիության բարձրացմանն ուղղված կարևոր և ողջունելի քայլ է։ Այս 60 միլիոն չափաբաժինը ուղղակիորեն կպաշտպանի 30 միլիոն մարդու», - ասված է «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության ԱՄՆ-ի ծրագրերի տնօրեն դոկտոր Քերի Թեյխերի տարածած հայտարարության մեջ։

Միացյալ Նահանգների այս հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ ճնշում է գործադրվել ԱՄՆ-ում պատվաստանյութերի հսկայական պաշարների առկայության վերաբերյալ այն դեպքում, երբ այլ երկրներ, կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված, հումանիտար ճնաժամի մեջ են, ինչպես օրինակ Հնդկաստանը։

Հայտնի է սակայն, որ ԱՄՆ-ն հումանիտար օգնություն է խոստացել Հնդկաստանին, այդ թվում՝ թթվածնային պաշարներ, պատվաստանյութեր և բժշկական այլ միջոցներ։

Ըստ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության տվյալների՝ պատվաստանյութերի ընդհամենը 0,3 տոկոսն է բաժին հասել ցածր եկամուտ ունեցող երկրներին։