Զարիֆը Կատարում քննարկել է Վիեննայում Թեհրանի միջուկային ծրագրի հարցով կայացած հանդիպումը

12:39 • 27.04.21

Ավարտվել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի այցը Կատար, որտեղ նա հանդիպումներ է ունեցել փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար շեյխ Մուհամեդ բին Աբդուլռահման ալ Թանիի և Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ ալ Թանիի հետ, հայտնում է Tehran Times թերթը։

Իրանի ԱԳՆ տարածած հայտարարության մեջ ասվում է, որ Իրանի և Կատարի արտգործնախարարների հանդիպման ընթացքում իրանցի դիվանագետը շեշտել է Թեհրան-Դոհա հարաբերությունների, ինչպես նաև երկկողմ և տարածաշրջանային համագործակցության կարևորությունը և ընդգծել է համագործակցության ոլորտների հետագա դիվերսիֆիկացման անհրաժեշտությունը՝ հատկապես առևտրական, տնտեսական և ներդրումային ոլորտներում:

Հանդիպման ընթացքում քննարվել են նաև տարածաշրջանային և միջազգային մի շարք հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև P4+1 բանաձևով Վիեննայում կայացած հանդիպմանը, ինչպես նաև տարածաշրջանում լարվածության նվազեցմանն ուղղված ջանքերը։ Բացի այդ, իրանցի բարձրաստիճան դիվանագետը ողջունել է նաև Կատարի առաջարկը՝ Իրանի և Պարսից ծոցի համագործակցության խորհրդի շրջանակում երկխոսություն սկսելու վերաբերյալ: