Կապ չունի, թե ով կլինի օրինախախտը, եթե Քրեական օրենսգրքում կա դրույթ, որով կոնկրետ արարքի համար պատասխանատվություն է նախատեսվում, անձը պետք է պատասխանատվության ենթարկվի. Վահագն Հովակիմյան

12:38 • 28.04.21

Թեկնածուների, կուսակցությունների, դաշինքի վերաբերյալ կեղծ տեղեկություններ հրապարակելու համար քրեական պատասխանատվություն է նախատեսվում այս նորմով, որը առաջարկվում է:  Այս մասին ԱԺ-ում Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու հարցի քննարկման ժամանակ ասաց պատգամավոր Վահագն Հովակիմյանը՝ պատասխանելով  ԼՀԿ խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի այն հարցին, թե անձն  ունի անանունության իրավունք, բայց եթե հրապարակի ինֆորմացիա, ապա քրեորեն կպատժվի:

Նրա խոսքով՝ այդ նորմը շատ երկար են քննարկել և, ամենայն հավանականությամբ, 1-ին և 2-րդ ընթերցման ժամանակ այդ դրույթը նախագծից կհանվի:

«Դա, ըստ էության, երկիմաստ իրավիճակներ կարող է առաջացնել և շարունակելով քննարկել գործընկերների հետ, եկանք եզրահանգման, որ ավելի լավ է այս փուլում հանենք, երկիմաստ չկիրառվի, քաղաքական գործընթացների վրա ազդեցություն չունենա, հետագայում ավելի հանգիստ պայմաններում կփորձենք, թե արդյոք նման նորմ մենք Քրեական օրենսգրքում կարող ենք ունենալ, թե ոչ»,- ասաց Վահագն Հովակիմյանը:

Արձագանքով Հովակիմյանին՝ Անի Սամսոնյանն ասաց, որ այդ դրույթը 2016-ին եղել է օրենքում, բայց հանվել է այն պատճառով, որ մենք ունենք միջազգային պարտավորություններ, ըստ այդմ՝ դա պետք է դուրս գա և չի կարող հավասարապես աշխատել, որովհետև ԱԱԾ-ն և ոստիկանությունը ենթարկվում են վարչապետին, և այս կառույցներն ավելի ուժգին են աշխատում այն դեպքում, երբ, օրինակ՝ դա կլինի իշխանության թեկնածուն, այլ ոչ թե ընդդիմության:

«Երկրորդը նվիրատվությունների հարցն է: Կարծում եմ՝ ընդդիմությունը չունի որևէ լծակ, որ մարդկանց հարկադրի նվիրատվություն կատարեն իր կուսակցության կամ հիմնադրամի օգտին, բայց այլ հարց է իշխանությունը, որ, օրինակ՝ գործադիր վարչական լծակներ և անուղղակիորեն կարող է որոշակի միջոցներ գործադրել, օրինակ՝ գործարարներին նվիրատվություն կատարել նախընտրական հիմնադրամի, կամ նախընտրական քարոզչության համար: Այս դեպքում այդ օրենքի կիրառումն ինչպես է լինելու հավասարապես»,-նկատեց Սամսոնյանը:

Ի պատասխան դիտարկմանը՝ Հովակիմյանն ասաց, որ կապ չունի, թե ով կլինի օրինախախտը, եթե Քրեական օրենսգրքում կա դրույթ, որով կոնկրետ արարքի համար պատասխանատվություն է նախատեսվում, անձը պետք է պատասխանատվության ենթարկվի:

«Ուղղակի մի դիտարկում, երբ ասում եք՝ ընդդիմությունը նման հնարավորություն չունի, մեր իրողությունն այնպիսին է, որ այսօր նման հնարավորություն ունի և անում է երբեմն բացահայտ որոշ ընդդիմադիր դիրքերից հանդես եկող անձիք, շրջանակներ, և տվյալ անձիք իրենց ազդեցության տակ գտնվող աշխատողներին, այդ թվում նաև որոշ քաղաքապետներ իրենց աշխատակազմին փորձում են ինչ-որ բաներ պարտադրել, և դա այնպես չէ, որ տեսանելի չէ: Այնպես որ, այսօրվա իրողությունն այնպիսին է, որ ընդդիմությունը օրենքով արգելված գործիքակազմն ավելի շատ է կիրառում, քան իշխանությունը, որ երբեք ձեռնպահ է այդպիսի բան կիրառելուց»,- ասաց պատգամավորը: