Դատախազության կայքի տեղը շատ լավ գիտեմ, ուզում էի, որ նախագծի հիմնավորումը լինի հանրային. Թագուհի Թովմասյանը՝ Վահագն Հովակիմյանին (տեսանյութ)

12:05 • 28.04.21

Այսօր, երբ Ազգային ժողովում քննարկվում էր ընտրական գործընթացներին խոչընդոտելու համար քրեական պատասխանատվության հարցը, անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը հարց բարձրացրեց, թե քարոզարշավի խոչընդոտման, տեղամասերի առաջ բռնության փորձերի և նման դեպքերով պայմանավորված դրույթներում նախատեսված պատիժների խստացումը ինչ նպատակ է հետապնդում:

Հարցի զեկուցող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանն ասաց, որ կա դրա մասին Գլխավոր դատախազության հաշվետվություն: «Ես չեմ կարծում, որ օրենսդրությունը պետք է բարելավենք վիճակագրական թվերով պայմանավորված»,- ասաց նա և նշեց, որ եթե չկանխենք, դա կարող է դառնալ համատարած:

Արձագանքելով՝ Թագուհի Թովմասյանը նշեց, որ Գլխավոր դատախազության հաղորդագրությունների տեղը գիտի, պարզապես ուզում է հիմնավորումը լինի հանրային, որ հասկանանք, թե որքանով է դա ռիսկային: «Մեկ–երկու դեպքերի համար փոփոխություններ անելը որքանո՞վ է նպատակահարմար, ո՞րն է ռիսկը, ես սա էի ուզում ամբիոնից հնչեցնեք, իսկ Դատախազության կայքի տեղը շատ լավ գիտեմ»,-ասաց նա:

Վահագն Հովակիմյանը պատասխանեց, որ ընտրախախտումները պետք է բացառվեն, պետք է իսկ ընտրախախտումն անողները պատասխանատվության ենթարկվեն: «Մեր խնդիրն է օրենսդրությունը բարելավել և թույլ չտալ, որ նույնիսկ մեկ դեպք լինի»,-հավելեց նա: