Բուրկինա Ֆասոյում առևանգվել և սպանվել է 3 եվրոպացի

10:37 • 28.04.21

Բուրկինա Ֆասոյի արևելյան շրջաններում գտնվող արգելոցի մոտ առևանգվել և սպանվել է իսպանացի երկու լրագրող և Իռլանդիայի մեկ քաղաքացի, որոնք անդամակցում էին որսագողության դեմ պայքարի պարեկային ծառայությանը, հայտնում է BBC լրատվականը։

Բուրկինա Ֆավոսյի կառավարությունից հաստատել են եվրոպացիների մահվան մասին լուրը։ Հայտնի է, որ նրանց հետ առևանգվել է նաև տեղի մի զինծառայող, որի ճակատագիրն առայժմ անհայտ է։ Հարձակման պատասխանատուներն առայժմ անհայտ են։

Ինչպես հարևան պետություններից շատերը, Բուրկինա Ֆասոն նույնպես կանգնած է անվտանգության ճգնաժամի առջև, քանի որ իսլամիստական խմբավորումները հարձակումներ են գործում և մարդկանց առևանգում տարածաշրջանի մեծ մասում։

Associated Press լրատվական գործակալության երկու վիրավոր թղթակիցները հայտնել են, որ հարձակումը սկսել է ջիհադիստական խմբավորումը, որը թվով ավելին է եղել քան պարեկային ծառայություն իրականացնող ստորաբաժանումը լրագրողների հետ միասին։ Հարձակման հետևանքով առգրավվել են նաև տրանսպորտային միջոցներ և սպառազինություն։

Իսպանիայի արտաքին գործերի նախարար Արանչա Գոնսալեսն իր թվիթերյան էջում հաստատել է, որ հայտնաբերված մարմիններից երկուսը Բուրկինա Ֆասոյում վավերագրական ֆիլմ նկարահանող իսպանացի լրագրողներինն են։ Նա նշել է, որ սպանված լրագրողները Դեյվիդ Բերիայնն ու Ռոբերտո Ֆրեյլն են:

Իռլանդական լրատվամիջոցները, իրենց հերթին, հաստատել են, որ Իռլանդիայի սպանված քաղաքացին Ռորի Յանգն է, որը հանդիսանում է որսագողության դեմ պայքարի Chengeta Wildlife խմբի համահիմնադիր և նախագահ:

Ենթադրվում է, որ Բուրկինա Ֆասոյում և հարևան Նիգերում ու Մալիում պատանդի կարգավիճակում պահվում են մի քանի օտարերկրացիներ։ Շրջանում հակամարտությունը սկսվել է այն բանից հետո, երբ 2012-2013 թվականներին ապստամբները գրավել են տարածաշրջանի մեծ մասը։ Ֆրանսիան զորք է մտցրել տարածաշրջան, սակայն հակամարտությունը դադարեցնել չի հաջողվել։ Հակամարտության հետևանքով ավելի քան 3 միլիոն մարդ տեղահանվել է։