«Պահը ճգնաժամային է, Ֆրանսիան վտանգի մեջ է». ֆրանսիացի գեներալները Մակրոնին նախազգուշացրել են երկրին սպառնացող «քաղաքացիական պատերազմի» մասին
Ֆրանսիայի կառավարությունը սպառնացել է պատժել զինվորականներին, որոնք միացել և ստորագրել են 25 պաշտոնաթող գեներալի բաց նամակը, որով նախագահ Էմանուել Մակրոնին նախազգուշացվում է երկրին սպառնացող «քաղաքացիական պատերազմի» մասին:
Ինչպես փոխանցում է France 24-ը, մի շարք զինծառայողներ ստորագրել են նամակը, որը հրապարակվել էր անցյալ շաբաթ: Նամակում գեներալները նախազգուշացրել էին, որ «թույլ» քաղաքականությունը կարող է հանգեցնել քաոսի, որը կպահանջի «պաշտոնավարող հրամանատարների միջամտությունը` քաղաքացիական արժեքները պաշտպանելու համար»:
«Պահը ճգնաժամային է, Ֆրանսիան վտանգի մեջ է»,- գրել են գեներալները` հավելելով, որ հիմնականում ֆրանսիական քաղաքների արվարձաններում բնակվող «ներգաղթյալների շրջանակների» և «երկիրն ատող» անանուն խմբավորումների դեմ անգործությունը կհանգեցնի «քաղաքացիական պատերազմի» և «հազարավոր զոհերի»:
Կառավարությունը խստորեն դատապարտել է նամակի հեղինակներին, որոնք այն հրապարակել էին Ալժիրին անկախություն շնորհելու Ֆրանսիայի որոշմանը դեմ հանդես եկած գեներալների կողմից հեղափոխության տապալված փորձի 60-րդ տարելիցին:
Նշվում է, որ դեռ պարզ չէ, թե նամակը ստորագրող զինվորականներից որոնք են ներկա պահին գտնվում ծառայության մեջ, որոնք են պաշտոնաթող:
Գեներալները նամակը հեղինակել են, երբ քաղաքական գործիչները սկսում են իրենց դիրքորոշումները հայտնել ներգաղթյալների, անվտանգության և արմատական իսլամի տարածման վերաբերյալ` 2022-ի նախագահական ընտրություններին ընդառաջ:










