ԱՄՆ-ը և Իսրայելը պայմանավորվածություն են ձեռք բերել ստեղծելու աշխատանքային խումբ, որն ուշադրություն կդարձնի Իրանի արտադրած ԱԹՍ-ների և հրթիռների «սպառնալիքներին»

04:45 • 28.04.21

ԱՄՆ-ը և Իսրայելը պայմանավորվածություն են ձեռք բերել ստեղծելու միջկառավարական աշխատանքային խումբ, որը «հատուկ ուշադրությու կհատկացնի» Իրանի հրթիռների և ԱԹՍ-ների ներկայացրած սպառնալիքին, հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով Սպիտակ տան տարածած հաղորդագրությանը:

Նման պայմանավորվածություն ձեռք է բերվել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեք Սալլիվանի և Իսրայելի Անվտանգության խորհրդի ղեկավար Մեիր Բեն-Շաբբաթի միջև:

«Հատուկ ուշադրություն է դարձվելու այն ԱԹՍ-ների և բարձր ճշգրտության խոցման կառավարվող հրթիռների ներկայացրած սպառնալիքին, որոնք Իրանն արտադրում և տրամադրում է Մերձավոր Արևելքում իր վերահսկողության տակ գտնվող ուժերին: Կողմերը անհանգստացած են նաև Երուսաղեմում վերջին բախումների առնչությամբ, և ամերիկյան պաշտոնատար անձինք ողջունել են Իսրայելի իշխանությունների հանդարտության կոչերը»,- նշված է Սպիտակ տան հաղորդագրությունում:

Վաշինգտոնը նաև խստորեն դատապարտել է նաև Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ վերջին հրթիռակոծությունները: