«Սպանելու է ընկերություններից մեկին, թե՞ ստեղծելու է մոնոպոլիա». ներմուծվող ցեմենտի և կլինկերի տուրքի շուրջ անհամաձայնույթյուն՝ կառավարության և ԱԺ-ի միջև. նիստը՝ ուղիղ
Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկում էր պետական տուրքի մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը: Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ներկայացրեց, որ նախագծի նպատակը ցեմենտի և ցեմենտի կլինկերի շուկան կարգավորելն է և կառավարությունը առաջարկում է ներմուծող ցեմենտի համար քսան հինգ հազար արգելող տուրք դնել, ինչի արդյունքում ցեմենտ չի ներմուծվի, իսկ կլինկերի համար լիցենզավորման տուրքը կլինի 9 հազար դրամ:
«Այս նախագծի արդյունքում բյուջեն ստանալու է 1,5 միլիարդ դրամ լրացուցիչ եկամուտ»,-ասաց նա:
Նախագիծը բուռն քննարկվեց հանձնաժողովում և քննադատվեց պատգամավորների կողմից: Գործադիրը և օրենսդիրը այդպես էլ համաձայնության չէին գալիս, և «Իմ քայլը» խմբակցությունից Ծովինար Վարդանյանը նշեց՝ այս քննարկումից տպավորությունն այն է, որ պատգամավորների հիմնավորումները Վարդան Քերոբյանի համար թույլ են, և հակառակը, արձանագրեց, որ կոնսենսուս չեն գտնում: Նա առաջարկեց պահպանել գործող կարգը և զրո պետտուրք կլինկերի ներմուծման համար, 14 հազար դրամ՝ ցեմենտի համար:
«Իմ քայլը» խմբակցությունից Հայկ Գևորգյանը նկատեց, որ չի տեսել հայտարարություն, ըստ որի՝ վնասով աշխատող «Հրազդան» ընկերությունը գործարանը հանի վաճառքի կամ ներդրողներ ցանկանա: «Մյուս գործարանների հետ կապված ակնարկ չեմ տեսել, որ վաճառում են գործարանները: Ես չեմ տեսել, որ ցեմենտի գործարանների ղեկավարները, որոնք այդքան խոսում են վնասաբերության մասին, սկսեն երշիկ արտադրել: Ոչ մի բան չեն անում, ուղղակի նստած դժգոհում են, բայց չասեմ՝ ինչ ռեստորանում են սնվում»,- ասաց նա:
«Իմ քայլը» խմբակցությունից Բաբկեն Թունյանը նշեց, որ անցած տարի ցեմենտի արտադրության ծավալները աճել են, իսկ ներմուծումը նվազել է:
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշեց, որ դա կարող է պայմանավորված լինել նրանով, որ տեղական արտադրողները սոցիալական պատասխանատվությունը պահելու համար շարունակել են իրենց գործունեությունը: «Ներմուծումը իջել է, քանի որ շատ փոխկապակցված է շինարարության հետ»,-ասաց նա և նշեց, որ չնայած դրան՝ արտադրական և շինարարական ցիկլերը տարբեր են, շեղված են:
Բաբկեն Թունյանը նշեց՝ նույն տրամաբանությունը նախկինում է աշխատել, և երբ շինարարությունը անկում է ապրել, ցեմենտի արտադրությունը նվազել է: «Ունենք մի վիճակ, որ 2019 թվականին անհրաժեշտություն էր առաջացել միջամտել ցեմենտի շուկա՝ պաշտպանելու տեղական արտադրանքը: Որոշեցինք տուրքի չափ սահմանել, կառավարությունը առաջարկում էր 22 հազար ցեմենտի և կլինկերի ներմուծման համար: Վերջում եկանք եզրակացության, որ ամենաէֆեկտիվն այն ռեժիմն էր, որը գործում էր մինչև անցած տարվա վերջ՝ 14 հազար դրամ ցեմենտի համար, զրո դրամ՝ կլինկերի»,-ասաց նա:
Բաբկեն Թունյանի համոզմամբ՝ փոփոխությունը կբերի մոնոպոլիայի: «Դուք ասում եք, որ մոնոպոլիայի չի գնա, ես համոզված եմ, որ մոնոպալիա է գնալու և մեկ արտադրող է օգտվելու: Այս օրենքի ազդեցությունը լինելու այն, որ ցեմենտի գինը արհեստական բարձրացվելու է, որ մեկ ընկերություն կարողանա գոյատևել: Ես կատեգորիկ համաձայն չեմ, քանի որ այդտեղ ռիսկեր ենք տեսնում: Այն արտոնությունը, որ թույլին ու ուժեղին հավասար տալիս ես, ուժեղին ավելի է ուժեղացնում, իսկ թույլին՝ հանում շուկայից: Այն ընկերությունը, որին ուզում եք օգնել, չի օգնելու»,-ասաց նա և նշեց, որ եթե կլինկերից ցեմենտ արտադրելը գերշահույթ առաջացներ, բոլորը կգնային այդ ուղղությամբ:
Վահան Քերոբյանը դեմ արտահայտվեց ստատուս քվոն պահելու առաջարկին: «Ձեր ասած ստատուս քվոն վերացնելու է ընկերություններից մեկին»,-ասաց նա: Բաբկեն Թունյանը հարց բարձրացրեց՝ ինչու չի վերացրել անցած տարի, և դեռ արտադրության ծավալները աճել են, ինչին ի պատասխան՝ Վահան Քերոբյանը պնդեց, որ վնասի ծավալները ևս աճել են: «Ձեր առաջարկը ընդունելի չէ, քանի որ այս պարագայում սպանելու ենք ընկերություններից մեկին և չենք կարողանալու վերականգնել»,-ասաց նախարարը և ի նշան իր բերած թվերի կասկածների՝ ասաց, որ ինքը մաթեմատիկոս է և ավարտել է կարմիր դիպլոմով:
Այսպիսոով Վահան Քերոբյանը չհամաձայնեց հետաձգել քննարկումը և նախագիծը քվեարկվեց ու ստացավ բացասական եզրակացությանը:
Լիանա Առաքելյան









