Փաշինյանը գնացել էր Սյունիք, ինչո՞ւ որևէ մեկնաբանություն չի տալիս մարզի անվտանգության մասին, Սյունիքում անվտանգ չէ. Աննա Գրիգորյան (տեսանյութ)

12:09 • 28.04.21

Սոսիների պուրակում հայտնվել է Ալիևը իր ընտանիքի հետ, որքան էլ փորձենք պնդել՝ այնտեղ չէ, միևնույն է, ակնհայտ է, որ դեկտեմբերին զիջված տարածքներում ընտանիքի հետ հայտնվել է Ալիևը, և այսօր սյունեցիներին բազմաթիվ հարցեր են հուզում դրանից զատ, Փաշինյանը գնացել է, անցել է այն ճանապարհով, որտեղ կանգնած է ադրբեջանցին և նա որևէ արձագանք, որևէ  դիտարկում չի հնչեցնում Սյունիքի անվտանգության վերաբերյալ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց անկախ պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այցին Սյունիք: 

«Սյունեցինեն ինձ հարց են տալիս՝ ի վերջո վարչապետն ինչի՞ համար էր եկել, ի՞նչ հարց էր ուզում այստեղ հասկանալ, և ուզում եմ լրագրողների ուշադրությունը հրավիրել այն հանգամանքին, որ այցելությունից հետո վարչապետի կողմից գեթ մեկ նկատառում Սյունիքի անվտանգության վերաբերյալ չի հնչել: Խորհրդակցություն է անցկացրել, որտեղ որոշակի նշումներ է արել միջանցքի վերաբերյալ, բայց բուն Սյունիքի անվտանգային միջավայրի վերաբերյալ գեթ մեկ արտահայտություն կամ անդրադարձ չի եղել, սյունեցիներն էլ չեն հասկանում՝ երկրի վարչապետը եկավ, գնաց, ի՞նչ տեսավ, ի՞նչ կարող էր անել, որ չի արել, կամ ի՞նչ պետք է անի այժմ»,- ասաց Աննա Գրիգորյանը:

Պատգամավորը նաև անդրադարձավ Սյունիքում տիրող իրավիճակին և ընդգծեց՝ սյունեցին անվտանգ չէ, որքան էլ պնդեն, որ Սյունիքն անվտանգ է, իրականությունը բացառապես այլ է: Պատգամավորը նաև անդրադարձավ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի հայտարարություններին, որոնք վերաբերում էին սյունեցիներին և խորհուրդ տվեց, որ այն, ինչ հնչեցրել է ամբիոնից, գնա Սյունիք և այնտեղ հայտարարի:

«Շուռնուխցին ապրում է մի միջավայրում, երբ նրան թշնամուց բաժանում է մեկ ճանապարհ, երբ նա տեսել է պատերազմի հետևանքները, հիմա էլ գիշերով ու հանկարծակի բազմաթիվ մարդիկ հայտնվում են գյուղում, մտնում են տուն, այդ մարդիկ ի՞նչ զգացողություններ պետք է ունենան: Այսօր մարդիկ խոսում են հակաէսթետիկ բառապաշարով, պրկված ձայնալարերով սյունեցու մասին, բայց նրանք ի՞նչ կապ ունեն սյունեցու հետ»,- նշեց անկախ պատգամավորը: