Սա լինելու է իրավական մահակ՝ անցանկալի մարդկանց չեզոքացնելու համար․ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ նախընտրական քարոզարշավի խոչընդոտումը քրեականացնելու նախագծի մասին (տեսանյութ)
Առաջարկվող նախագծերի փաթեթը ռիսկեր է պարունակում։ Նախագծի ձևակերպումները խնդրահարույց են, մասնավորապես այնտեղ գրված է, որ քարոզարշավի խոչընդոտումը պատժվում է 3 տարի ազատազրկմամբ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում առաջարկվող նախագծերի փաթեթներին և նրանց խնդրահարույց կողմերին։
«Ստացվում է, եթե քաղաքացին որևէ թեկնածուի ասում է՝ չեմ ցանկանում քեզ լսել, այդ մարդուն պետք է բռնեն, տանեն։ Այս օրենքի կիրառումը շատ ռիսկային է։ Մյուս կողմից կա ընտրատեղամասերում խոչընդոտելու մասին ձևակերպում։ Հայտնի է, որ ընտրատեղամասում ձայների հաշվարկը ամենալարված պահն է, որի ժամանակ լինում էին ներքին բախումներ։ Հիմա ստացվում է, եթե որևէ մեկը դժգոհություն հայտնի քվեաթերթիկի ցուցադրման հետ կապված, նրան կարող են քրեական պատասխանատվության ենթարկել»,– ասաց նա։
Հարցին՝ արդյոք սրա նպատակը կանխելն էր, որպեսզի Սյունիքի դեպքերը չկրկնվեն, Թովմասյանը նշեց, թե ակնհայտ է, որ սրանք հաջորդեցին Սյունիքի դեպքերին։
Անդրադառնալով՝ անկախ պատգամավորների նախաձեռնությանը, որով պահանջում էին ստեղծել էթիկայի հանձնաժողով՝ քննելու պատգամավոր Հրաչյա Հակոբյանի վարքագիծը և արտահայտությունները՝ կապված Սյունիքում տեղի ունեցածին, Թովմասյանը նշեց․
«Սա սև ու սպիտակի շարունակությունն է։ Պատգամավորը դիտարկում էր՝ կան խուլիգաններ և կան լավ մարդիկ։ Խնդրահարույց էր նրա արտաբերած «ստորացնելով» բառը հատկապես, ստացվում է, որ մեր հասարակությունում կան մարդիկ, ում կարելի է ստորացնել և պատգամավորն է որոշում՝ ում ստորացնելով պետք է բերման ենթարկեն»։
Թագուհի Թովմասյանը կարծում է, որ այս օրենքը, այնուամենայնիվ, մնալու է թղթի վրա, քանի որ այն իրավական հիմնավորում չունի և դառնալու է ընդամենը գործիք անցանկալի մարդկանցից տվյալ պահին ազատվելու համար։
Անկախ պատգամավորն ասաց, որ դեռ որոշում չունի առաջիկա ընտրություններին մասնակցելու հետ կապված՝ նշելով, որ բոլոր ուժերից առաջարկներ ունի։
Անդրադառնալով դատարանների վրա հնարավոր ճնշումներին՝ Թովմասյանը նշեց․«Ցավալի է, որ դատական իշխանությունը նույնացվել է անհնազանդների մի կառույցի հետ և ամեն ինչ արվում է, որպեսզի դատական իշխանությունը դառնա ենթարկելի։ Իրենք ցանկանում են ունենալ անձնական օգտագործման դատարաններ»։
Հարցին՝ արդյոք հակասահմանադրական չէ այն, որ Նիկոլ Փաշինյանն ինքն իրեն նշանակել է վարչապետի ժ/պ, Թովմասյանը հղում արեց ՍԴ աշխատակազմի ղեկավարի Էդգար Ղազարյանի ներկայացրած հակասահմանադրական կետերին։ «Այն, ինչ ասում էր Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիր եղած ժամանակ, հերքվում է ներկայումս նույն Նիկոլ Փաշինյանի կողմից»,– ասաց նա։
Թագուհի Թովմասյանն ընդգծեց, որ եթե մտնում ենք հակասահմանադրական գործընթացի մեջ, ընտրությունների արդյունքները ևս չեն կարող լինել լեգիտիմ՝ շեշտելով, որ այս դեպքում ընդդիմադիր ուժերը ևս մասնակից են դառնում այդ հակասահմանադրական գործընթացներին։










