Ժողովրդավարության և խոսքի ազատության առումով Հայաստանը վերելք է ապրել․ իմքայլական պատգամավոր Կարեն Սարուխանյան (տեսանյութ)
2021 թվականի սկզբից մինչև վերջերս կային փակ փողոցներ և որոշ խնդիրներ, բայց այդ ամենի արդյունքում ես ուզում եմ արձանագրել, որ ցուցարարների նկատմամբ ուժայինների կողմից խոսքի ազատության, վերաբերմունքի առումով որևէ բիրտ կամ կոշտ գործողություններ չեն եղել և ես չեմ հիշում Հայաստանի պատմության մեջ օրինակներ, որ նմանատիպ գործընթացների արդյունքում նման վերաբերմունք լինի ուժայինների կողմից, որ տուժողներ չլինեն, հետևաբար ժողովրդավարության և խոսքի ազատության առումով Հայաստանը մեծ վերելք է ապրել և ապրում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը:
«Ժողովրդի և բոլորի աչքի առաջ խուլիգանություն է կատարվել և մի քանի խուլիգանների կողմից, ովքեր ուղղորդված են գործել, պետք է պատժվեն և ցանկացած խուլիգան պետք է իրավական կոշտ գնահատականների արժանանա: ՀՀ ցանկացած քաղաքացի, լինի դա սյունեցի, թե գյումրեցի, եթե նման վարքագիծ է դրսևորում, ինձ համար խուլիգան է»,- ասաց Կարեն Սարուխանյանը:
Նա նաև անդրադարձավ այսօրվա ԱԺ արտահերթ նիստին, որի ընթացքում քննարկվել է ընտրական գործընթացներին վերաբերող օրենքի նախագծերի փաթեթը։ Պատգամավորը նշեց՝ օրենքի նախագծերը, որևէ առնչություն չունեն Սյունիքի այցի հետ, քանի որ այս ամենը վաղուց պլանավորված է եղել բարեփոխումների իրենց ծրագրում:
«Բազմաթիվ քաղաքացիներ դիմում են և խնդրում են, որ այդ խստացումները լինեն: Քաղաքացիները խնդրում են, որ մենք պատժենք այն մարդկանց, ովքեր խոչընդոտ են հանդիսանալու քարոզարշավին: Քարոզարշավի հետ կապված մենք օրենքի նախագիծ ենք ընդունել, որը վերաբերում է ոչ միայն մեզ, այլ նաև ցանկացած քաղաքական ուժի, հետևաբար՝ նաև վերաբերում է ընդդիմությանը, որպեսզի ցանկացած քաղաքական ուժ կարողանա իր քարոզարշավն իրականացնել առանց խոչընդոտների»,- նշեց պատգամավորը:
Կարեն Սարուխանյանը նաև ընդգծեց՝ երբևէ և որևէ կերպ գործող քաղաքացուց և իրավիճակից չի փախել, իսկ հիմա իշխանությունները խոստանում են ապագա, որը կլինի փայլուն ՀՀ-ի և Հայաստանի քաղաքացու համար:
«Մենք չենք չարաշահել ժողովրդի վստահությունը, քանի որ երբ հետ գնանք կտեսնենք՝ 2019 թվականին ինչքան գործ է արվել երկրում, տնտեսական ինչ մեծ աճ ենք ունեցել և բազմաթիվ ծրագրեր ենք իրագործել, և ՀՀ քաղաքացին լավ տեսել է, թե ինչ է արվել: Իսկ մենք գերիների ծնողների աչքերի մեջ նայել ենք և այս ընթացքում ամեն ինչ անում ենք, որ նրանց երեխաները օր առաջ վերադառնան իրենց տուն »,-ընդգծեց պատգամավորը։
Անդրադառնալով արտահերթ ընտրություններին և քարոզարշավին՝ նա նշեց, որ անհրաժեշտության դեպքում այն քաղաքացիներին, որոնք չեն կարող գալ ընտրություններին, նրանք կօգնեն, իսկ ինչ վերաբերում է հանդիպումներին երեխաների ներկայությանը, ապա դա ավելի քան գովելի է:
«Ես ասել եմ՝ եթե լինեն քաղաքացիներ, որոնք ի վիճակի չեն լինի գալ, մենք կօգնենք գալ ընտրության, ինչո՞ւ ոչ: Մեզ ընտրելու են այն քաղաքացիները, ովքեր հավատում են՝ Հայաստանում և Արցախում ապագա կա, իսկ երեխաները գալիս են վարչապետի հետ հանդիպումներին, որովհետև նրանք սիրում են իրենց երկրի ղեկավարին»,-ասաց Կարեն Սարուխանյանը:










