Մենք գնում ենք ընտրություններին՝ հաղթելու և հաղթանակի դեպքում Գագիկ Ծառուկյանին վարչապետի թեկնածու առաջադրելու հաստատակամությամբ. Իվետա Տոնոյան (տեսանյութ)

12:29 • 28.04.21

Ինչպե՞ս է պատահում, որ այս կամ այն մարզում ծափողջյուններով են ողջունում իշխանության ներկայացուցիչներին, այդ մարզը ցանկալի և յուրային է, իսկ այնտեղ, որտեղ հնչում է ոչ ցանկալի գնահատական, այդ մարզի վերաբերյալ բացասական պիտակավորում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսացության պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ անդրադառնալով Սյունիքում տեղի ունեցած իրադարձություններին և դրա շուրջ հնչած քննադատություններին:

«Որևէ դեպքում բռնության կոչերը չեմ արդարացրել, բայց կոչ եմ անում իշխանության գործընկերներին, որ իրենց գնահատականնները հնչեցնելիս լինեն օբյեկտիվության սահմանում, չընկնեն ծայրահեղական ցնցումների մեջ»,- նշեց նա:

Անդրադառնալով արտահերթ ընտրություններին՝ Տոնոյանն ասաց, որ ԲՀԿ-ում ավարտին է մոտենում Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ նախընտրական ծրագրի մշակման աշխատանքները. «Մենք գնում ենք հունիսի 20-ի ընտրություններին հաղթելու և հաղթանակի դեպքում Գագիկ Ծառուկյանին որպես վարչապետի թեկնածու առաջադրելու հաստատակամությամբ: Գագիկ Ծառուկյանը ղեկավարում է նախապատրաստական աշխատանքները, խոսքը գնում է տարբեր պլատֆորմների մասին՝ գյուղատնտեոսական, սոցիալական, միջազգային, արտաքին քաղաքական»:

Հարցին՝ երբ ԱԺ-ում տեղի ունենա վարչապետի ընտրություն, ի՞նչ դիրքորոշում է հայտնելու ԲՀԿ-ն, Տոնոյաննն ասաց, որ իրենք արդեն իսկ հայտարարել են՝ վարչապետի թեկնածու չեն առաջադրելու, որևէ անակնկալ չի լինելու: Իսկ ովքեր ԲՀԿ-ի նախընտրական ցուցակում ընդգրկված կլինեն, կորոշի քաղաքական խորհուրդը՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ:

Լրագրողի հարցին, թե առաջին նախագահը հայտարարություն է տարածել, որով ակնհայտ է դառնում, որ նա համակարծիք է այն իրավաբանների հետ, որ Փաշինյանը հրաժարականից հետո չի կարող մնալ ժամանակավոր պաշտոնակատար, Տոնոյանը պատասխանեց. «Ես առաջին նախագահին խորհուրդ եմ տալիս ոլորտի մասնագետների և սահմանադրագետների կարծիքներին ծանոթանալ, այս հարցի հետ կապված չկա որոշակիութուն, այլ կան երկակի կարծքիներ, իսկ մնացած բոլոր խոսակցությունները ԲՀԿ-ին և ԼՀԿ-ին, կամ ինչ-որ քաղաքական ուժերին ինչ-որ գործընթացում մեղադրելու մեջ, ես հստակ միտում եմ տեսնում: Այդ մարդիկ սպասարկում են այլ օրակարգեր և շատ լավ կլիներ, որպեսզի ունենային բավարար անկեղծություն, թե ինչ օրակարգեր են սպասարկում»:

Դիտարկմանն առ այն, որ իրեն մեղադրում են Նիկոլ Փաշինյանի օրակարգը սպասարկելու մեջ, պատգամավորն ասաց, որ ԲՀԿ-ն որևէ օրակարգը չի սպասարկում, նա ունի իր օրակարգը: