Այս գործը պետք է գլխիվայր շուռ գա և մեղադրանք առաջադրվի պետական այն պաշտոնյաներին, որոնք երկրում ստեղծել են այս վիճակը. Արծվիկ Մինասյան (տեսանյութ)

17:01 • 29.04.21

Հարցաքննության ժամանակ մեզ փորձեցին ներգրավել որպես վկա, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով ՀՅԴ-ականներին քննչական կոմիտե հրավիրելուն:

«Ակնհայտ է, որ փորձում են հարցաքննել այն դեպքերի հետ կապված, որոնք տեղի են ունեցել դատախազության դիմաց, գնահատել եմ, որ դա քրեական հետապնդման քողի տակ իրականացվող քաղաքական հետապնդում է և օգտվելով սահմանադրական՝ ինձ ընձեռված հնարավորությունից՝ լռելու իրավունքից, հրաժարվել եմ ցուցմունք տալուց»,-ասաց նա:

Ըստ Արծվիկ Մինասյանի գնահատականի՝ այս գործը հեռանկար չի կարող ունենալ, որովհետև արհեստական է: «Այնքան ակնհայտ քաղաքական ենթատեքստ ունի իր մեջ, և ոչ միայն ապագա չունի, այլ նաև այս գործը պետք է գլխիվայր շուռ գա և մեղադրանք առաջադրվ այն պետական պաշտոնյաներին, որոնք իրենց անգործության, հանցավոր անփութության, հանցավոր անտարբերությամբ ստեղծել են այս վիճակը երկրում՝ սկսած դատախազությունից ավարտած քննչական մարմիններից»,- ասաց նա և նշեց, որ նրանք պարտավոր են քրեական գործեր հարուցել այն պաշտոնատար անձանց նկատմամբ, որոնք երկիր են հանձնել:

Նշենք, որ փոխվել է նաև դաշնակցական Գերասիմ Վարդանյանի կարգավիճակը, որը Երևանի քննչական վարչություն էր հրավիրվել հարցաքննության` կասկածյալի կարգավիճակով․ նրան տրվել է վկայի կարգավիճակ: «Տարօրինակ կերպով կարգավիճակս կասկածյալից փոխել էին վկայի: Քննիչը պատճառաբանեց, որ կասկածյալի կարգավիճակը տեխնիկական վրիպում է եղել: Չգիտեմ՝ ինչ է փոխվել մի քանի ժամվա ընթացքում, որ կասկածյալից վկայի վերածվեցի»,- ասաց նա և նշեց, որ հրաժարվել է ցուցմունք, բացատրություն տալ: «Հիմնավոր կասկածներ ունեմ, որ ցուցմունքը կարող է իմ դեմ օգտագործվել հնարավոր հարուցվելիք քրեական գործերի շրջանակում», - ասաց նա:

Մանրամասները տեսանյութում։