Գլխավոր դատախազություն և դատախազներ, դուք չեք կատարում Սահմանադրությամբ և օրենքով ձեզ վրա դրված պարտավորությունները, դուք անտեսում եք արժանապատիվ հայի պահանջը. Արծվիկ Մինասյան
Դատախազությունը, փոխանակ իրավապահ մարմինների գործունեությանը հետևեր, անտարբերության էր մատնում հարցն ու քաղաքացիներին արգելում իրենց բողոքը ներկայացնել: Այս մասին այսօր ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց կազմակերպված ակցիայի ժամանակ ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը:
«Ապրիլի 22-ին, երբ Սյունիքի հերոսական ժողովուրդը անհրաժեշտ իր գնահատականն էր տալիս երկրի ղեկավարին, սկսվեց այլանդակ հետապնդումների շարան, 30-ից ավելի անձիք բերման ենթարկվեցին և ձերբակալվեցին»,-հիշեցրեց Մինասյանը և հավելեց, որ երբ կազմակերպվեց հաջակցություն սյունեցիների ակցիան և պահանջվեց ազատ արձակել ապօրինաբար բերման ենթարկվածներին, շարուկանվեցին քաղաքական հետապնդումներն արդեն ակցիա իրականացնող անձանց նկատմամբ:
Մինասյանը հիշեցրեց, որ ակցիայի ժամանակ քաղաքացիները հանդիպում էին պահանջում ՀՀ գլխավոր դատախազի հետ, սակայն ժողովրդի խոսքն անտեսվեց: «14 անձ ևս բերման ենթարկվեց դատախազության դիմացից ու արդյունքում՝ ներկայացված կեղծ մեղադրանքով այսօր կալանավորված է Հայկ Հեքիմյանը և սրա մեղավորը դուք եք, գլխավոր դատախազություն և դատախազներ, որովհետև չեք կատարում Սահմանադրությամբ և օրենքով ձեզ վրա դրված պարտավորությունները, դուք անտեսում եք արժանապատիվ հայի պահանջը»:
Մինասյանը կոչ արեց, որ իրավապահ համակարգում իրենց արժանապատիվ համարողները թույլ չտան, որ այս օրինակով խայտառակվեն վերջիններիս անունները: «Ներսից պայքարեք, հանուն մեր, ձեր երեխաների: Մենք իրավունք չունենք մեր նահատակված զավակների պայքարը թողել օդից կախված: Հարգելի՛ իրավապահ մարմիններ, ընդունե՛ք այն ամոթը, այն անարգանքը, որը ժողովուրդը հղում է ձեզ, դուք պարտավոր եք ծառայել ՀՀ-ին, հայ ժողովրդին, Հայաստանի քաղաքացու օրինական շահին»:
Մանրամասները՝ տեսանյութում։










