Եվրախորհդարանը բանաձև է ընդունել` կոչ անելով ՌԴ-ին բացառել SWIFT համակարգից և կասեցնել «Հյուսիսային հոսք-2»-ի կառուցումը «Ուկրաինա ներխուժման» դեպքում
Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել Ռուսաստանի Դաշնության հարցով` կոչ անելով պատժամիջոցներ սահմանել «Հյուսիսային հոսք-2» նախագծի, «Ռոսատոմի», «ռուս օլիգարխների», ինչպես նաև ՌԴ-ին միջազգային SWIFT վճարային համակարգից բացառելու համար «Ուկրաինա ներխուժելու» դեպքում:
ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ` այս մասին ասվում է բանաձևի տեքստում, որի հաստատման օգտին քվեարկել են Եվրախորհրդարանի պատգամավորները: Կողմ է քվեարկել 569 պատգամավոր 682 ներկայից, դեմ` 67-ը:
Եվրախորհրդարանը պահանջում է, որ Եվրամիությունը կրճատի իր կախվածությունը Ռուսաստանից էներգետիկայի ոլորտում և ԵՄ ինստիտուտներին և անդամ երկրներին կոչ է անում կասեցնել «Հյուսիսային հոսք-2» նախագծի կառուցումը:
«Եթե ռազմական ուժերի տեղակայումն Ուկրաինայի հետ սահմանին վերածվի ՌԴ-ի` Ուկրաինա ներխուժման, այս պայմաններում նավթի և գազի ներկրումը Ռուսաստանից պետք է անհապաղ դադարեցվի, Ռուսաստանը պետք է բացառվի SWIFT վճարային համակարգից, ռուս օլիգարխների բոլոր ակտիվները պետք է սառեցվեն, իսկ նրանց վիզաները ԵՄ` չեղարկվեն»,- ասվում է բանաձևում:
Եվրախորհրդարանի այս բանաձևը խորհրդատվական բնույթ է կրում և պարտադիր չէ ԵՄ ինստիտուտների կողմից կիրառման համար:










