Ձեր կայացրած վճիռներով որոշում եք ՀՀ-ի ոչ միայն այսօրը, այլև ապագան․մի՛ կանգնեք դավաճանի կողքին․ Գեղամ Նազարյանը՝ իրավապահ համակարգի ներկայացուցիչներին (տեսանյութ)
Ես ուզում եմ, որ իրավապահ համակարգը՝ թե՛ ԱԱԾ-ն, թե՛ Հատուկ քննչական ծառայությունը, թե՛ Դատախազությունը, թե՛ Ոստիկանությունը հասկանան, որ հիմա իրենք գտնվում են մի այնպիսի դիրքում, որտեղ իրենց կայացրած վճիռներով որոշում են մեր երկրի ոչ միայն այսօրը, այլև ապագան։ Այս մասին Գլխավոր դատախազության շենքի դիմաց ընթացքող բողոքի ակցիայի ընթացքում հայտարարեց «Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության համակարգող Գեղամ Նազարյանը՝ դիմելով իրավապահ համակարգի ներկայացուցիչներին։
«Դուք ունեք ավելի կարևոր գործ, քան իշխանությունը բռնազավթած պարտության սիմվոլին անդադար պաշտպանելն ու պահելը։ Այսօր իշխանությունը՝ մի մարդ, մի ուժ, բռնազավթել է Դատախազությունը, ԱԱԾ-ն, ՀՔԾ-ն, Ոստիկանությունը։ Դուք զբաղվեք այդ հարցերով, ինչո՞ւ եք աջակցում և դառնում հանցագործ՝ նրա հետ»,-հայտարարեց Նազարյանը, ապա նշեց գործողություններ, որոնք, իր կարծիքով, պետք է կատարեր իրավապահ համակարգը․
«Ինչո՞ւ չեք զբաղվում «Լելե Թեփե»-ի խայտառակ օպերացիայի քաղաքական որոշման պատասխանատուին գտնելով, ձերբակալելով, չէ՞ որ այնտեղ առնվազն 700 հայ երիտասարդ սպանվեց՝ մի հիմար և արնախում որոշման պատճառով, ինչո՞ւ չեք հետարքրքվում՝ ինչպես հանձնվեց Շուշին, ինչպես այնտեղ տղերքը մենակ մնացին։ Ինչու՞ չեք ձերբակալում այդ տականքին, հարցաքննում։ Մի կանգնեք դավաճանի կողքին»։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք կատարած այցի ընթացքում տեղի ունեցած դեպքերին՝ Նազարյանն ասաց․
«Սյունեցիներից յուրաքանչյուրը դարձավ Գարեգին Նժդեհ, իսկ Նժդեհը փրկեց Հայաստանի այդ հատվածը։ Նա չլիներ, Սյունիքը Հայաստան չէր լինի։ Այսօր Ալիևն այս խամաճիկների հետ փորձում է իրականացնել այն, ինչը նրանց խանգարեց Նժդեհը։ Ձեռքներդ հեռո՛ւ սյունեցիներից, ձեռքներդ հեռու մեր տղերքից, որ պայքարում են ՀՀ-ի այսօրվա, լավ ապագայի համար։ Շատ շուտով այս իշխանություններին ցախավելներով դուրս են շպրտելու, և նրանց կապելու են բանտի ամենախոր անկյուններում, ձեզ մի կապեք այդ հանցագործների, արնախումների հետ, որ 5000 երեխայի սպանեցին, որ ասում են՝ «մեռած երեխեքը», մեռածը դուք եք, ու ձեր մեռած իշխանությունն ու կառավարությունը»,-հայտարարեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։










