Գերմանիայի հիվանդանոցներից մեկում 4 դի է հայտնաբերվել

12:21 • 29.04.21

Չորս մարդ սպանվել և մեկը ծանր տուժել է Գերմանիայի Պոտսդամ քաղաքի հիվանդանոցում, ոստիկանությունը հետաքննություն է իրականացնում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Potsdamer Neueste Nachrichten թերթը:

Ոստիկանությունը սպանության կասկածանքով ձերբակալել է հիվանդանոցի աշխատակիցներից մեկին, հանցագործության դրդատճառները չեն ճշտվում: Ինչպես ընդգծում է հրատարակությունը, խոսքը կանխամտածված սպանության մասին է: «Բոլոր զոհերի վնասվածքներն առաջացել են արտաքին դաժան բռնության գործադրման հետևանքով»,-թերթին հայտարարել է ոստիկանության ներկայացուցիչը:

Ինչպես հաղորդվում է, ապրիլի 28-ի երեկոյան հիվանդանոցի տարբեր պալատներում հայտնաբերվել է չորս մարմին և մեկ տուժած: Հայտնի չէ, թե հատկապես ինչի պատճառով են զոհվել մարդիկ, և արդյոք նրանք բոլորը հիվանդներ են եղել: Հաստատությունը, որտեղ տեղի է ունեցել ողբերգությունը, նախատեսված է սահմանափակ հնարավորություններով մարդկանց խնամքի համար: