Ադրբեջանն իր ստանձնած պարտավորությունը չի կատարում, և կարող ենք արձանագրել, որ այս փաստն արդեն դառնում է միջազգային օրակարգի հարց. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Բոլորիս համար ամենացավոտ խնդիրը գերեվարված քաղաքացիների խնդիրն է: Այս մասին կառավարության հերթական նիստին ասաց Նիկոլ Փաշինյանը:
«Ադրբեջանն իր ստանձնած պարտավորությունը չի կատարում, և կարող ենք արձանագրել, որ այս փաստն արդեն դառնում է միջազգային օրակարգի հարց։ Երեկ Եվրամիությունը հայտարարություն է տարածել, որում արձանագրվում է շատ կոնկրետ և հասցեական, որ Ադրբեջանը պետք է վերադարձնի բոլոր գերեվարված անձանց, ընդ որում, անկախ այդ անձանց գերեվարվելու հանգամանքներից»,-ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը կարևորեց, որ այս հայտարարության մեջ հղում է կատարվում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում տեղի ունեցող գործընթացներին, ինչը քաղաքական հայտարարությանն ավելացնում է քաղաքական կոմպոնենտ:
«Վերջին շրջանում միջազգային ակտիվությունը՝ կապված գերեվարված անձանց խնդիրների հետ, շատ կարևոր է և մեծացնում է լավատեսությունը, որ մենք կունենանք կոնկրետ արդյունքներ, մեզ հարկավոր է լինել առավելագույնս համբերատար և հետևողական, և այս հարցը միանշանակորեն դրական լուծում պետք է ստանա»,-հավելեց նա:










