Կառավարությունը ևս 2 մլրդ դրամ կուղղի 1988-1992 թթ. Ադրբեջանից բռնագաղթածների բնակապահովման ծրագրի իրականացմանը

11:50 • 29.04.21

ՀՀ 2021 թվականի պետական բյուջեով շուրջ 2 մլրդ դրամ կուղղվի 1988-1992 թթ. Ադրբեջանից բռնագաղթած անձանց բնակապահովման ծրագրի 3-րդ փուլի իրականացմանը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության նիստում:

Ծրագրով Շենգավիթ վարչական շրջանի ժամանակավոր կացարաններում բնակվող Ադրբեջանից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին կտրամադրվեն բնակարանների գնման վկայագրեր։ Նախատեսվում է լուծել Շենգավիթում բնակվող 168 հավակնորդ շահառու ընտանիքի բնակարանային խնդիրը և ավարտին հասցնել Երևանում առաջնահերթ ծրագրի իրականացումը:

2019 թվականին ընդունվեց Կառավարության N 1666-Ն որոշումը, որի նպատակն է 1988-1992 թթ. Ադրբեջանից բռնագաղթած, ժամանակավոր կացարաններում բնակվող անձանց մշտական բնակարանով ապահովումը։

2019 թվականին ընդունված որոշմամբ սահմանված ծրագիրը, հաշվի առնելով ֆինանսական միջոցների արդյունավետ կառավարումը, իրականացվում է փուլային եղանակով։ 

Ծրագրի առաջին փուլն ուղղված էր լուծելու Երևան քաղաքի Աջափնյակ, Նորք-Մարաշ, Մալաթիա-Սեբաստիա, Ավան, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ժամանակավոր կացարաններում բնակվող Ադրբեջանից բռնագաղթած  ընտանիքների  բնակարաններով ապահովման խնդիրը։ Ընթացքի մեջ  է ծրագրի երկրորդ փուլը, որով  բնակարանների գնման վկայագրեր են  տրամադրվում  Երևան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նոր Նորք, Արաբկիր, Դավթաշեն վարչական շրջաններում բնակվող  շահառուներին։ 

Ծրագրի երկու փուլերի շրջանակներում, ընդհանուր առմամբ, հատկացվել է 183 բնակարանի գնման վկայագրեր, որոնցից 44 տոկոսը (81 վկայագիր) իրացված է, իսկ մնացածը գտնվում են իրացման փուլում: