Իրաքի անապատներում անձրևների բացակայությունը կարող է ուղտերի վերացման պատճառ դառնալ
Իրաքի Մութաննա նահանգի անապատներում տևական ժամանակ անձրև չի գալիս, ինչը կարող է ուղտերի վերացման պատճառ դառնալ, հայտնում է Al Jazeera լրատվականը։
Տեղաբնակ Ալի Թաջիլը լրատվականին ասել է, որ անձրևի պակասի հետևանքով անապատի որոշակի հատվածում, որտեղ տասնամյակներ առաջ արդեն ապրիլին կանաչ խոտ էր լինում և ուղտերը քաշ էին հավաքում ամառվա կիզիչ շոգից առաջ, հիմա չոր խոտ է։
«Անձրև չկա, և հողը չոր է: Խոտով լի տարածքները վերածվել են անապատի: Մենք ստիպված ենք որոշ կենդանիներ վաճառել՝ մնացածի համար սնունդ գնելու նպատակով: Ահա թե ինչ է դարձել կյանքը», - ասել է Ալի Թաջիլը։
Ուսումնասիրությունների համաձայն՝ ջերմաստիճանը շարունակաբար բարձրանալու է։ ՄԱԿ-ի տվյալների համաձայն` Իրաքում ջերմաստիճանը բարձրանալու է 2 աստիճանով, իսկ անձրևի տեղումներն առաջիկա տասնամյակների ընթացքում նվազելու է 9 տոկոսով։
Կենդանական աշխարհին հասցված վնասից բացի, կլիմայական պայմանների փոփոխությունն ազդել է նաև բնակավայրերի պայմանների վրա։ Այժմ Իրաքում անձրևների տեղումների քանակը 10 տոկոսով ավելի քիչ է, քան 1970-ականներին։ Այս պայմանները բեդվինների հաճախ ստիպում են փոխել բնակության վայրը՝ իրենց կենդանիների համար բնակության ավելի հարմար վայրեր գտնելու նպատակով։
Իրավիճակը փոխելու համար հսկայական աջակցության կարիք կա, որի նպատակով 2016 թվականին Փարիզում կայացած կլիմայի գագաթնաժողովի ընթացքում Իրաքը համաձայնել է կրճատել արտանետումների քանակը 1, իսկ մինչև 2035 թվականը 13 տոկոսով, սակայն ծրագրի իրականացման համար զգալի ֆինանսական միջոցներ են անհրաժեշտ։










