Մեծ Բրիտանիայի վարչապետը տան շքեղ վերանորոգման պատճառով հայտնվել է կոռուպցիոն սկանդալում. Reuters
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը կասկածվում է կոռուպցիայի համար, գրում է Reuters լրատվական գործակալությունը:
«Մեծ Բրիտանիայի ընտրական հանձնաժողովը հետաքննություն է սկսել վարչապետի` Լոնդոնի Դաունինգ Սթրիթում գտնվող նստավայրի վերանորոգման առնչությամբ՝ մատնանշելով հնարավոր հանցագործության մասին վկայող ապացույցները», - գրում է գործակալությունը:
Բացի այդ, նշվում է՝ Ջոնսոնի հակառակորդների կարծիքով, նա կարող էր խախտել բրիտանական օրենքները՝ թույլ տալով իր կուսակցության հովանավորներին գաղտնի կերպով տասնյակ հազարավոր ֆունտ ստերլինգներ ներդնել իր ծառայողական կեցավայրի շքեղ վերանորոգման աշխատանքներն իրականացնելու համար:
«Խորհրդարանում զգացմունքային ելույթի ժամանակ Ջոնսոնը պնդել է, որ ինքն է հոգացել վերանորոգման բոլոր ծախսերը: Այնուամենայնիվ, նա խուսափել է ուղղակիորեն պատասխանել այն հարցին, թե արդյոք նա դա ասում է հատկապես կոռուպցիոն սկանդալի մասին շրջանառվող լուրերի ֆոնին»,- նշում է Reuters-ը:
Եթե ընտրական հանձնաժողովը Ջոնսոնի հանցագործությունը հաստատող ապացույցներ գտնի, ապա նա կարող է տուգանվել 20 000 ֆունտ ստերլինգի չափով: Բացի այդ, իրավապահ մարմինները կարող են առանձին հետաքննություն սկսել:










