Ղրղզ-տաջիկական սահմանին իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից. սկսվել է փոխհրաձգություն

17:17 • 29.04.21

Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին տեղի է ունեցել փոխհրաձգություն իրավապահների միջև, 4 վիրավոր հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին «Ինտերֆաքս» գործակալությանը տեղեկացրել է Ղրղզստանի Բաթքենի շրջանի ղեկավար Մարուֆխան Տուլաևը:

«Ղրղզ-տաջիկական սահմանին իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից: Այս պահին փոխհրաձգությունը շարունակվում է, կրակում են անվտանգության ուժերը»,-ասել է Տուլաևը:

Նրա խոսքերով ՝ տաջիկական կողմը կրակ է բացել, որից հետո ղրղզական անվտանգության ուժերը սկսել են կրակել: «Նոր տուժածներ կան, շտապօգնության բժիշկները տեղում նրանց առաջին օգնություն են ցուցաբերում և ուղարկում մոտակա հիվանդանոցներ»,-հավելել է Տուլաևը:

Միևնույն ժամանակ, Արմենպրեսը տեղեկացնում է, որ Ղրղզստանի զինծառայողները կրակ են բացել Տաջիկստանի սահմանապահների կողմը, ապրիլի 29-ին հայտարարել են Տաջիկստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեի (ԱԱՊԿ) մամուլի կենտրոնում: «2021 թվականի ապրիլի 29-ին 13:05-ին (12:05) «Գոլովնոյ» ջրաբաշխիչ կետի տեղամասում, Ղրղզստանի Հանրապետության զինծառայողները կրակ են բացել Տաջիկստանի Հանրապետության Սահմանապահ զորքերի ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ: Դուշանբեն, ինչպես նշված է հաղորդագրության մեջ, ղրղզական կողմի գործողությունները գնահատում է որպես Տաջիկստանի հետ երկկողմ համաձայնագրերի խախտում:

Նշված է, որ 1924 -1927 թվականների, ինչպես նաև 1989 թվականի քարտեզներով «սույն օբյեկտը (բախում հարցուցած «Գոլովնոյ» ջրաբաշխիչ կետը – Խմբ.) ամբողջովին պատկանում Է Տաջիկստանի Հանրապետությանը և 1968 թվականից օգտագործվել Է Տաջիկստանի, Ղրղզստանի և Ուզբեկստանի հանրապետությունների սահմանակից շրջանների ոռոգման և ջրամատակարարման համար»: Տաջիկստանի և Ղրղզստանի սահմանի երկարությունը կազմում է շուրջ 980 կիլոմտեր, Խորհրդային Միության տրոհումից հետո այնտեղ մնացել են տասնյակ վիճելի հատվածներ: Ներկայում սահմանագծման և սահմանազատման գործընթացում նկարագրված Է սահմանագծի անցման արդեն շուրջ 580 կիլոմետր: Որոշ հատվածներում ժամանակ առ ժամանակ առաջանում են վեճեր և բախումներ սահմանամերձ շրջանների տեղացի բնակիչների միջև: