Գերիների հարցով Հայաստանի և Ադրբեջանի ԱԱԾ ղեկավարները շփվում են նաև հեռախոսային կապով. ԱԱԾ տնօրենի տեղակալ Ստեփան Մելքոնյան (տեսանյութ)

12:41 • 29.04.21

Ոնց կարող ենք ասել, որ այս պահին անվտանգ է, եթե այդ ամենը ընթացքում է գտնվում, որ սահմանին պայմանագիր չկա, նման տիպի միջադեպերը ասել, որ կանխված են կամ կկանխվեն, դա ֆանտաստիկայի ժանրից է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրենի տեղակալ Ստեփան Մելքոնյանը: Նա նշեց, որ չեզոք գոտի շերտը մենք մեր հատվածի հաշվին պետք է ստեղծենք, իրենք՝ իրենց:

«Ռազմաքաղաքական իրավիճակը այդ հատվածում բնականաբար չենք կարող ասել, որ հանգիստ է, և ռիսկեր ու մարտահրավերներ չի պարունակում: Ոչ միայն Սյունիքի հատվածով, այլ ամբողջ բնագծով դիրքավորված են մեր կողմից պաշտպանական զորքերը և նրանց կողմից իրենց պաշտպանական զորքերը, բնագիծը վերջնական կարգավորված չէ»,- ասաց նա և նշեց, որ այս պահին ուսումնասիրություններ են կատարվում, որ ռազմաքաղաքական իրավիճակը երկու կողմում հանդարտվի:

Ինչ վերաբերում է Մեղրու միջանցքին, ապա ԱԱԾ տնօրենի տեղակալն ասաց. «Միջանցքի մասին իրենք կարող են շատ բան խոսել, բայց միջանցքի մասին ընդհանրապես խոսակցություն չկա և չի էլ կարող լինել: Կարող է լինել տրանզիտ բեռնափոխադրումների համար երկաթգծի ճանապարհներ, բայց ոչ թե կորիդորների հետ կապված հարցեր»,-ասաց նա:

Ստեփան Մելքոնյանը նշեց, որ հիմա կա հանձնաժողով, որն ուսումնասիրում է դելիմիտացիայի հարցերը: «Այն ուսումնասիրում է սահմանի հետ կապված հարցերը, տարբեր տարիների քարտեզները, որպեսզի մենք ձևավորենք մեր մոտեցումը»,-ասաց նա:

Նա նշեց, որ գերիների հարցով Հայաստանի և Ադրբեջանի ԱԱԾ ղեկավարները  շարունակում են կապը, այդ թվում հեռախոսային կապի միոցով: