Բնակիչն ինձ նման հարց տալու իրավունք չունի, ես չեմ դրա պատասխանատուն. իմքայլական պատգամավորը՝ Սյունիքի անվտանգության վերաբերյալ հարցին (տեսանյութ)
Սյունիքի անվտանգությունը պատգամավորը չի ապահովվում, Սյունիքի անվտանգությունն ապահովում են պետականորեն, պետական մարմիններ գոյություն ունեն՝ ուժայինները և բանակը. այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը՝ պատասխանելով հարցին, թե խոսվում է ընտրություններին ձեր թիմի մասնակցելու մասին, բայց Սյունիքում անվտանգություն չեք կարողանում ապահովվել:
Հարցին, թե դուք մտահոգություններ չունե՞ք Սյունիքի անվտանգության վերաբերյալ, պատգամավորն ասաց․ «Ես մտահոգություն կարող եմ ունենալ, բայց այդ մտահոգություններն իմն են և այդ մտահոգությունները թող մնան իմ մեջ, եթե ես որպես ՀՀ քաղաքացի, զգամ, որ իմ օգնությունը Սյունիքի համար սյունեցիներին պետք է, ես կթողնեմ այս սենյակը և կհայտնվեմ առաջին գծում՝ թշնամու դեմ, եթե թշնամին ոտնձգություն անի: Ես մասնակցում եմ մեր երկրի համար օրենքներ ճշտումներ մտցնելու գործընթացին, երկրում վերջապես պետք է լինի այնպես, որ յուրաքանչյուրը զբաղվի իր գործով: Օրենսդիր իշխանությունը պետք է երկրում օրենքներ մշակի»:
Անդրադառնալով Սյունիքի անվտանգության ապահովման հարցին՝ Ասլանյանն ասաց, որ անվտանգության վերաբերյալ հարցերը պետք է տալ պաշտպանության նախարարին. «Եթե ես բարոյական կամ իրավական իրավունք ունենայի իմ կոլեգաներին ասելու, ապա կասեի հետևյալը՝ հարցազրույց մի տվեք այն թեմաներով, որոնք չեն վերաբերում ձեզ»:
Անդրադառնալով ԳՇ պետի պաշտոնից հեռացնելու հանգամանքներին, պատգամավորն ասաց, որ պատերազմում պատասխանատուն Գլխավոր շտաբն է.
«Պատերազմը վարում է Գենշտաբը, Նիկոլ Փաշինյանը այստեղ ոչ մի գործ չունի: Ռազմական գործողությունները կարգավորվում են Գլխավոր շտաբի միջոցով: Որևէ մեկը կարո՞ղ է ասել, որ Նիկոլ Փաշինյանը Գենշտաբին հրամանն է տվել հենց այդպիսի ռազմական գործողություններ կատարել, ոչ: Պատերազմի ժամանակ՝ ռազմական գործողությունների համար պատասխանատուն ոչ թե գերագույն հրամանատարն է, այլ Գլխավոր շտաբն է մեղավոր, շտաբն է կարգավորում, նա է դնում զորքերը, կարգավորում, որտեղ ինչ ռազմական գործողություններ պետք է լինի, եթե շտաբն է՝ ուրեմն Նիկոլ Փաշինյանի դերը չկա»:










