Սա ակնհայտ քաղաքական հետապնդում է, որևէ մեկը չի կարող դա թաքցնել. Արծվիկ Մինասյանը՝ ՀՅԴ-ականներին հարցաքննության հրավիրելու մասին (տեսանյութ)
Ուզում եմ հիշեցնել, որ սա այն գործի շրջանակներում է, երբ դատախազը և դատախազության պատասխանատուները ցուցաբերեցին բացահայտ անհարգալից վերաբերմունք մեր հազարավոր քաղաքացիների պահանջների նկատմամբ, այն դեպքում, երբ իրենք՝ մի քանի հեղափոխականներ, հավաքվում էին դատախազության դիմաց, դատախազը պատիվ էր անում և հանդիպում նրանց, բացատրություն տալիս: Այս մասին քննչական վարչության դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով իրեն, ինչպես նաև ՀՅԴ-ականներ Իշխան Սաղաթելյանին, Գեղամ Մանուկյանին, Տարոն Տոնոյանին, Գերասիմ Վարդանյանին Երևանի քննչական վարչություն հարցաքննության հրավիրվելուն։
«Իսկ երբ այս դեպքում, երբ խոսքը հերոսական սյունեցիների իրավունքների ոտնահարման, նրանց բռնի բերման ենթարկելու, ապօրինություններով մարդկանց ազատությունից զրկելու մասին է, և երբ հազարավոր քաղաքացիներ պահանջում էին իջնել ներքև ու բացատրություն տալ, նրանք ոչ միայն անտարբերության մատնեցին, հետո նաև իրենց անպատասխանատվության և անտարբերության պատճառով տեղի ունեցավ այն քաղաքացիական անհնազանդությանը, որն արժանացավ ոստիկանության բիրտ, ապօրինի գործողություններին։ Այդ ամենի հետևանքով մենք այդ օրն ունեցել ենք 14 բերման ենթարկվածներ, ունենք քաղբանտարկյալներ։ Այսքանից հետո հիմա նորից փորձել մեզ ներգրավվել այս գործընթացի մեջ, նշանակում է, որ կազմակերպված ձևով քաղաքական հետապնդումը շարունակում է իրականացվել»,- ասաց Արծվիկ Մինասյանը։
Ինչ վերաբերում է հարցաքննության հրավիրվելու վերաբերյալ ծանուցագրերին, Արծվիկ Մինասյանն ասաց. «Ծանուցումը տվել են մի օր շուտ, մի օր ուշ, ոչ մի ձևով չի փոխում այն հարցի էությունը, որ մենք ասում ենք։ Սա ակնհայտ քաղաքական հետապնդում է։ Որևէ մեկը՝ լինի դատախազության պատասխանատու, թե ով, չի կարող սա թաքցնել» ,- ասաց նա։
Արծվիկ Մինասյանը նշեց, թե այս ամենը որևէ ձևով չի կասեցնելու իրենց պայքարը։ «Խոսքն այս կամ այն զուտ իրավունքի ապահովման մասին չէ, խոսքը հայրենիքի փրկության համար դուրս եկած մարդկանց պայքարը կասեցնելու, ջարդելու մասին է, որը վստահաբար իրենց չի հաջողվելու։ Ավելի լավ է իրենք հասկանան, որ ինչքան հնարավոր է շուտ կանգնեն արժանապատիվ քաղաքացու, պետականության կողքին, այլ ոչ թե ծառայեն հայրենիքը դավաճանած, ծառայեն անձին» , - ասաց նա։
Արծվիկ Մինասյանն ասաց, որ կօգտվի լռելու իր սահմանադրական իրավունքից։ «Որովհետև այն, ինչ իրենք անում են, անպատվաբեր գործ է», - ասաց Մինասյանը։
Քննչական վարչություն հրավիրված Գերասիմ Վարդանյանը ևս նշեց, որ եթե մտածում են, որ սրանով իրենց վախեցնելու են, շփոթվում են։ «Մենք պատրաստ ենք ցանկացած սցենարի։ Այս ամենը ես դիտարկում եմ որպես քաղաքական ճնշումներ։ Իսկ այսօրվա քաղաքական իշխանությունները Հայաստանի ու հայության հետ կապ չունեն։ Այս օսմանահպատակ իշխանությունները, որոնք ծառայում են թուրքական շահին, նրանց կողմից մեր դեմ իրականացված ցանկացած գործողություն ես դիտարկում եմ որպես թշնամու կողմից իմ դեմ իրականացված գործողություն։ Այս պայքարը պսակվելու է մեր հաջողությամբ» , - ասաց նա:










