«Հիմա դա կարելի է անել միայն օդում. մեզ անհրաժեշտ են մասնագետներ, որոնք կարող են դա անել». հայտնի են դարձել Լուկաշենկոյի դեմ մահափորձի նախապատրաստման մանրամասները

10:36 • 29.04.21

Բելառուսում պետական հեղաշրջման փորձի գործով անցնողները քննարկել են երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ֆիզիկական վերացման հարցը: Այս մասին ասվում է ապրիլի 28-ին ONT հեռուստաալիքով ցուցադրված ֆիլմում, գրում է EADaily լրատվականը:

Ինչպես հետևում է ֆիլմից, հեղաշրջման գործով ձերբակալված փաստաբան Յուրի Զենկովիչը և Նիկոլայ Ավտուխովիչը խոսել են Բելառուսի նախագահի սպանության մասին:

«Պատրաստվում է Լուկայի սպանությունը, դա ժամանակ է պահանջում և շատ լավ մշակում: Հիմա դա կարելի է անել միայն օդում, եթե լինեն անհրաժեշտ իրեր: Դա «Իգլա»-ն է կամ «Ստինգեր»-ի նման ինչ-որ բան, կամ Ուկրաինան էլ ունի նմանատիպ հրթիռ, որի արժեքը  80 000 դոլար է: Եվ մեզ անհրաժեշտ են մասնագետներ, որոնք դա կարող են անել», -մեջբերվում է Ավտուխովիչի խոսքերը:

Ինչպես նշված է ֆիլմում, պետեղաշրջմանը համար մի խմբին պետք է կազմակերպեր Զենկովիչը, մյուսը ՝ Ավտուխովիչն ու բելառուսական ընդդիմության հայտնի առաջնորդ Նիկոլայ Ստատկևիչը: Ըստ հրապարակված նյութերի՝ Զենկովիչի հետ «խաղի մեջ է եղել» ՊԱԿ-ը: Ֆիլմում ցուցադրվել են նաև թաքնված տեսախցիկի կադրեր այն մասին, թե ինչպես է Զենկովիչը բանակցում ՊԱԿ-ի աշխատակցի հետ, որը ներկայացել էր որպես բելառուսական բանակի սպա:

«Կարո՞ղ է արդյոք բանակը պարզապես լուծել խնդիրը և 6 ամիս հետո հայտարարել նոր ընտրություններ: Աշխարհում բոլորը կծափահարեն այդ դեպքում, եթե բանակը լուծի այս խնդիրը: Բանակը նաև բարձր հեղինակություն ունի երկրում, և նրանք, որոնք կա՛մ կձերբակալեն նրան (Լուկաշենկոյին), կա՛մ կսպանեն, կդառնան հերոսներ ամբողջ ժողովրդի համար»,-ասել է Զենկովիչը:

Բացի այդ, ֆիլմում ցուցադրվել է հեղաշրջման գործում ներգրավված 4-րդ անձը: Նա «Բելառուսի ժողովրդական ճակատ» կուսակցության անդամ Օլգա Գոլուբովիչն է, որը աշխատում էր  Զենկովիչի ֆիրմայում որպես հաշվապահ: Ենթադրվում է, որ նրա միջոցով Զենկովիչը գումար է փոխանցել զինվորականներին կաշառելու համար:

«Մենք նախնական վերլուծություն ենք արել թիմի հետ, հնարավոր է, որ խնդիրն ավելի հեշտ է, քան թվում է: Եթե մեկուսացնեք Լուկաշենկոյին, Շեյմանին (նախագահի աշխատակազմի ղեկավար Վիկտոր Շեյման) և Վիտյային (նախագահի ավագ որդին), ապա ամեն ինչ, ամենայն հավանականությամբ, կփլուզվի նրանց մոտ»,-ասում է Զենկովիչը հատուկ ծառայությունների աշխատակցի հետ զրույցում, որը ներկայացել էր որպես բանակի սպա:

Ապրիլի 17-ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն տեղեկացրել էր, որ իր և իր որդիների նկատմամբ մահափորձ է նախապատրաստվել, և դրանում ներգրավված են ամերիկյան հատուկ ծառայությունները: Նա նշել է, որ իր չեզոքացումը հաստատվել է Միացյալ Նահանգների բարձրագույն քաղաքական ղեկավարության կողմից: Ավելի ուշ Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է, որ իրենք օգնել են կանխել մայիսի 9-ին Բելառուսում ծրագրված հեղաշրջումը: Մոսկվայում հատուկ ծառայությունները բերման են ենթարկել Զենկովիչին և Ֆեդուտային, իսկ Բելառուսում բերման է ենթարկվել «Բելառուսի ժողովրդական ճակատ»-ի ղեկավար Կաստուսևը: