Ալիևը հոխորտում է, որ Սյունիքը կվերցնեն․ մեզ դա ազդակ չի՞ տալիս, պետք է պառկենք, սպասե՞նք, թե երբ ինչ կլինի․ Սասուն Միքայելյան (տեսանյութ)
Ես ասել եմ՝ ավելի արագ կարելի է կարգավորել այն պրոբլեմները, որ ՀՀ ու ՀՀ ժողովրդի հետ են կապված, մի տարեք ուրիշ դաշտ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագհ Սասուն Միքայելյանը։
Հարցին՝ իր կարծիքով՝ անհրաժեշտ քայլեր արվո՞ւմ են, որ բանակը վերականգնվի, որ պատրաստված լինենք հնարավոր մարտահրավերներին, Միքայելյանն արձագանքեց․ «Ո՞նց կարող է քայլեր չանել բանակը։ Իսկ ԵԿՄ-ն պատերազմի սկսելուց՝ սեպտեմբերի 27-ից սահմաններում է, դա օգուտ է նաև բանակին, որ ինչ-որ խնդիրներ կարգավորվեն։ Մեր գերխնդիրը մեր բանակը, մեր ներքաղաքական վիճակը կարգավորելն է, մեր համախմբվածությունն է։ Ալիևը հոխորտում է, որ Սյունիքը կվերցնեն։ Մեզ դա ազդակ չի՞ տալիս, պետք է պառկենք, սպասե՞նք, թե երբ ինչ կլինի»,-նշեց նա։
Հարցին՝ ինչու իշխանությունները 6 ամսվա ընթացքում Սյունիքում խնդիրները չեն կարգավորել, որ գնալով Սյունիք՝ տեսնում է իրավիճակ, որ կարող են մարդ տանել, Միքայելյանն ասաց․ «Ինձ թուրքը չի կարա գողանա, ինչն ինձ մտահոգում է, պարզ ասում եմ, որպես պատերազմած, կյանք տեսած մարդ՝ ձեր ապագայի, իմ թոռների ապագայի մասին եմ մտածում։ Մենք այսօր խնդիրներ ունենք բանակում, որ չի հասցնում կարգավորել։ Իմ խոսելով իմ կուսակցությանը ոչ թե վնաս եմ տալիս, այլ օգուտ, որովհետև թերացումներ կան, կապ չունի՝ որ իշխանությունն է, պետք է կարգավորվեն, այս վիճակից պետք է դուրս գանք, թե չէ անիմաստ է լինելու ամեն ինչը»,-ասաց նա։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք կատարած այցի ընթացքում եղած դեպքերին՝ Միքայելյանն ասաց, որ եթե խնդիրներ կան, դրանք պետք է բարձրաձայնվեն, սակայն ոչ այդ ձևով, ոչ հայհոյանքներով։ «Դա խուլիգանություն է, լավ բան չի բերի։ Մենք տղամարդ ենք»,-նշեց նա։
Դիտարկմանը, թե այդ դեպքում թող Նիկոլ Փաշինյանը չթաքնվի, Միքայելյանն արձագանքեց․ «Նիկոլ Փաշինյանը երբեք չի «պախկվել» նա ժողովրդի մեջ է»,- ասաց նա։
Հարցին՝ ընտրությունների ընթացքում իրեն կտեսնե՞ն «Իմ քայլը»-ի ցուցակում, Միքայելյանն արձագանքեց, թե երբ կսկսվի նախընտրական քարոզարշավը, հայտնի կդառնա։
Հարցին էլ՝ իր կարծիքով՝ ի՞նչ վարկանիշ ունի իշխանությունը, պատգամավորը պատասխանեց․ «Այս իրավիճակում ամենաճիշտ բանն ընտրության գնալն է, եթե ժողովուրդը կընտրի այս իշխանությանը, կընտրի, եթե չէ, կթողնենք, կգնանք։ Դա ի՞նչ մեծ խնդիր է։ Այսօր ժողովրդի դատին է տրվել ամեն ինչը, ժողովուրդը պետք է որոշի»,-նշեց նա։
Պատգամավորից հետաքրքրվեցին նաև՝ պատերազմից հետո Արցախ այցելե՞լ է, ինչին Միքայելյանը հստակ պատասխան չտվեց, սակայն ասաց․ «Պատերազմից հետո իմ քայլերով այնպես եմ արել, որ վնաս չտամ ո՛չ մեր ներքաղաքական, ո՛չ արտաքին քաղաքական վիճակին, ո՛չ բանակին»,-նշեց նա։
Հարցին՝ Նիկոլ Փաշինյանի՝ բանակի վերակազմավորման գաղափարը ինչպես է գնահատում, Միքայելյանն արձագանքեց, թե ինքը վերլուծաբան չէ։
Մանրամասները՝ տեսանյութում։










