Թրամփի նախկին փաստաբանի գրասենյակում խուզարկություն է կատարվել Ուկրաինայի գործով

02:21 • 29.04.21

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի նախկին փաստաբան Ռուդոլֆ Ջուլիանիի բնակարանում և գրասենյակում խուզարկություն է կատարվել: Այս մասին Lenta.ru-ի փոխանցմամբ, CNN-ին ասել է իրավաբանի ներկայացուցիչ Ռոբերտ Կոստելլոն: Նշվում է, որ առգրավվել են էլեկտրոնային կրիչներ:

Ըստ Կոստելլոյի՝ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) աշխատակիցներին խուզարկման հրամանը տրվել է օտարերկրյա լոբբիստական օրենքը խախտելու կասկածանքով: Խոսքը Ջուլիանիի`Ուկրաինայում գործունեության մասին է, ներառյալ այն, թե արդյոք նա անօրինական լոբբինգ է իրականացրել հօգուտ ուկրաինացի պաշտոնյաների, երբ շարունակել է հետաքննությունը կապված Թրամփի քաղաքական հիմնական մրցակից, նախագահ Ջո Բայդենի հետ:

Նա նշել է, որ պաշտոնապես փաստաբանին մեղադրանք չի առաջադրվել, նա չի ընդունում իր մեղքը: Նույն հետաքննության շրջանակներում գործակալները խուզարկել են նաև Ջուլիանիի փաստաբան և համախոհ Վիկտորիա Թենսինգի տունը, որը եղել է նաև դաշնային դատախազ և ԱՄՆ արդարադատության նախարարության բարձրաստիճան պաշտոնյա: