Ղրղզստանի և Տաջիկստանի ներկայացուցիչները բանակցություններից հետո կրակը դադարեցնելու մասին համատեղ հայտարարություն են ստորագրել
Ղրղզստանին սահմանակից Իսֆարա քաղաքում կայացած բանակցությունների արդյունքում Տաջիկստանի և Ղրղզստանի պատվիրակությունները համատեղ հայտարարություն են ստորագրել ռազմական հակամարտությունը դադարեցնելու երկկողմ մտադրությունը հաստատելու վերաբերյալ, հաղորդում է ТАСС-ը:
Համատեղ հայտարարությունը ստորագրել են Տաջիկստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեի նախագահ Սայմումին Յատիմովը և Ղրղզստանի լիազոր ներկայացուցիչ Օմուրբեկ Սուվանալիևը:
Հայտարարությունում ասված է, որ ապրիլի 29-ին երկու երկրների սահմանային գոտում սկսված ռազմական բախումները ուսումնասիրելու նպատակով երկկողմ նախաձեռնությամբ ստեղծված հանձնաժողովները քննարկել են միջադեպերի պատճառներն ու հետևանքները, երկկողմ համաձայնության են եկել դադարեցնել ռազմական բախումները, զորամիավորումներն ու ռազմական տեխնիկան սահմանային գոտուց ետ վերադարձնել մշտական տեղակայման վայրեր:
Բացի այդ, կողմերը համաձայնության եկել միջոցներ ձեռնարկել լարվածությունը թուլացնելու, իրավապահ մարմինների և գործադիր իշխանության ներկայացուցիչների մասնակցությամբ աշխատանքային խումբ ձևավորելու ուղղությամբ՝ նախանշված նպատակների լիակատար իրագործման և բանակցությունների համար նպաստավոր հիմք ստեղծելու նպատակով:
Հիշեցնենք, որ հինգշաբթի Տաջիկստանի և Ղրղզստանի սահմանին լարված իրավիճակ է ստեղծվել զինվորականների միջև, փոխհրաձգություն է տեղի ունեցել: Երկու կողմն էլ մեղադրել է միմյանց լարվածությունը սրելու մեջ:
Երեկոյան կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել հրադադարի մասին, սկսվել է ռազմատեխնիկայի հեռացումը սահմանից:
Ղրղզ-տաջիկական սահմանին տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով Ղրղզստանի երեք քաղաքացի է մահացել: «Ինտերֆաքս» գործակալության փոխանցմամբ` այս մասին հայտնել են երկրի առողջապահության նախարարությունից:
Հաղորդվում է, որ երեք մահվան դեպք է արձանագրվել, որից երկուսը Բաթքենի մարզային հիվանդանոցում, մեկը` մարզի Լեյլեկի շրջանում: Ավելի վաղ հայտնել էին մեկ զոհի մասին:
Բժիշկների տվյալներով՝ երկու երկրի սահմանին տեղի ունեղած միջադեպի հետևանքով տուժածների թիվը հասել է 84-ի:










