Հավանաբար բարձր լարում է եղել, մալուխները վառվել են․ ԱԻՆ ՓԾ ներկայացուցիչը՝ թունելի ծխի մասին (տեսանյութ)
12։16
Այս պահին գոտին ամբողջությամբ ծխապատ է և այրվում են մալուխները, թունելի ներսում իրականացվում են հետախուզական աշխատանքներ, որպեսզի հայտնաբերվի հրդեհի օջախը, իսկ դրան զուգընթաց ուժեր են դասավորվում, որպեսզի կատարենք մարման աշխատանքներ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻՆ ՓԾ ներկայացուցիչ և փրկարար ծառայության գնդապետ Արթուր Ոսկանյանը՝ խոսելով Երևանի մանկական երկաթուղի տանող թունելի հրդեհի մասին։
«Այստեղ հավանաբար մալուխների բարձր լարում է եղել և ջերմությունից վառվել են, հիմա ընթանում է հետախուզական աշխատանքներ, երբ հետախուզությունը դուրս գա և տեղեկացնի՝ ինչն է եղել հրդեհի պատճառը կսկսենք մարման աշխատանքները, այս պահին ամբողջ տարածքը հոսանքազրկվել է, մոտ 30 հատ 6000 վոլտ լարման հոսանքներով մալուխներ են եղել»- ասաց Արթուր Ոսկանյանը:
Նա նաև տեղեկացրեց՝ Արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել մոտ երկու ժամ առաջ, իսկ հետախուզական աշխատանքի արդյունքում գտնվել է հրդեհի օջախը:
«Այս պահին աշխատելու է 3 մարտական հաշվարկ, աշխատակիցները մտնելու են «շախտաներ» և ծխապատ գոտում մարեն ծխացող մալուխները: Քամու պատճառով դժվարություններ են ստեղծվում, բայց մարտական ուժերը բավական են մոտակա ժամանակահատվածում իրավիճակը կարգավորելու համար»,- նշեց ԱԻՆ ՓԾ ներկայացուցիչը:
11։53
Թունելում աշխատանքներ են իրականացվել ծուխը մարելու ուղղությամբ, դեպքի վայրում աշխատել են 4 մարտական հաշվարկ, որոնք զբաղվել են ծխահեռացման աշխատանքներով: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացրել են, որ թունելի ներսում կրակը մարել է, բայց միայն ծխահեռացումից հետո պարզ կլինի հրդեհի պատճառը:
Անվտանգության նկատառումներից ելնելով տվյալ տարածքը առանձնացված է, չնայած հրշեջ փրկարարները թունելի ներսում են և հավաստիացնում են՝ կրակը մարել է, բայց ծուխը մերթընդմերթ սկսում է ուժեղանալ:
10։31
Երևանի մանկական երկաթուղի տանող թունելը լցվել է ծխով, դեպքի վայր են ժամանել հրշեջ-փրկարարները:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի մամուլի խոսնակ Աննա Բաղդասարյանը:
«Այս պահին թունելը ծխով լցված է, 4 մարտական հաշվարկ դեպքի վայրում աշխատում է: Ծխահեռացում է իրականացվում, կրակ չկա»,- նշեց Բաղդասարյանը:
Նրա խոսքով՝ ծխահեռացումից հետո միայն հնարավոր կլինի պարզել պատճառը:
















