Հավանաբար բարձր լարում է եղել, մալուխները վառվել են․ ԱԻՆ ՓԾ ներկայացուցիչը՝ թունելի ծխի մասին (տեսանյութ)

12:15 • 30.04.21

Այս պահին գոտին ամբողջությամբ ծխապատ է և այրվում են մալուխները, թունելի ներսում  իրականացվում են հետախուզական աշխատանքներ, որպեսզի հայտնաբերվի հրդեհի օջախը, իսկ դրան զուգընթաց ուժեր են դասավորվում, որպեսզի կատարենք մարման աշխատանքներ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻՆ ՓԾ ներկայացուցիչ և փրկարար ծառայության գնդապետ Արթուր Ոսկանյանը՝ խոսելով Երևանի մանկական երկաթուղի տանող թունելի հրդեհի մասին։

«Այստեղ հավանաբար մալուխների բարձր լարում է եղել և ջերմությունից վառվել են, հիմա ընթանում է հետախուզական աշխատանքներ, երբ հետախուզությունը դուրս գա և տեղեկացնի՝ ինչն է եղել հրդեհի պատճառը կսկսենք մարման աշխատանքները, այս պահին ամբողջ տարածքը հոսանքազրկվել է, մոտ 30 հատ 6000 վոլտ լարման հոսանքներով մալուխներ են եղել»- ասաց Արթուր Ոսկանյանը:

Նա նաև տեղեկացրեց՝ Արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել մոտ երկու ժամ առաջ, իսկ հետախուզական աշխատանքի արդյունքում գտնվել է հրդեհի օջախը:

«Այս պահին աշխատելու է 3 մարտական հաշվարկ, աշխատակիցները մտնելու են «շախտաներ» և ծխապատ գոտում մարեն ծխացող մալուխները: Քամու պատճառով դժվարություններ են ստեղծվում, բայց մարտական ուժերը բավական են մոտակա ժամանակահատվածում իրավիճակը կարգավորելու համար»,- նշեց ԱԻՆ ՓԾ ներկայացուցիչը:

Հիշեցնենք,որ Երևանի մանկական երկաթուղի տանող թունելում հրդեհ է բռնկվել ինչի հետևանքով տարածքը լցվել է ծխով, դեպքի վայր են ժամանել հրշեջ-փրկարարները: Թունելում աշխատանքներ են իրականացվում ծուխը մարելու ուղղությամբ:  Անվտանգության նկատառումներից ելնելով տվյալ տարածքը առանձնացված է: