Աֆղանստանում ԱՄՆ-ի զորքերի դուրս բերման մեկնարկի ֆոնին մահապարտը բռնատար է պայթեցրել. կա 21 զոհ,մոտ 100 վիրավոր
Երեկ երեկոյան Աֆղանստանի արևելքում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով զոհվել է 21 և վիրավորվել 91 մարդ, հայտնում է Al Jazeera լրատվականը։ Նշվում է, որ զոհերի թվում են աշակերտներ և ուսանողներ, իշխանամետ աշխարհազորային:
Պայթյունը տեղի է ունեցել Աֆղանստանի Լոգար նահանգի մայրաքաղաք Փուլ ալ Ալամում՝ հյուրատան կողքին, մահապարտը պայթեցրել է բեռնատար մեքենա, սակայն հայտնի չէ, թե ով է կազմակերպիչը և ինչ նպատակով է այն իրականացվել։ Առայժմ պայթյունի պատասխանատվությունը ոչ ոք չի ստանձնել։
Հատկանշական է, որ հարձակումը տեղի է ունեցել Աֆղանստանից ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի զորքերի վերջնական դուրսբերման գործընթացի մեկնարկի համար նշանակված օրը: «Թալիբան» շարժումը, որը պահանջել էր, որ ԱՄՆ-ի բոլոր զորքերը մինչև մայիսի 1-ը դուրս գան Աֆղանստանից, հեռացող զորքերի անվտանգության ոչ մի երաշխիք չի տվել:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն օրերս հայտնել էր ամերիկյան զորքերն Աֆղանստանից դուրս բերելու որոշման մասին, քանի որ ցանկանում է վերջ դնել Աֆղանստանում ամերիկյան զորքերի 20 տարվա ներգրավվածությանը: Զորքերը Աֆղանստանից դուրս են բերվելու մինչև սեպտեմբերի 11-ը, ինչը զայրացրել է «Թալիբան» շարժմանը, քանի որ ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոլանդ Թրամփի հետ պայմանավորվածություն էր ձեռք բերվել զորքերը մինչև մայիսի 1 դուրս բերել Աֆղանստանից։
«Ես ԱՄՆ-ի չորրորդ նախագահն եմ, որի ղեկավարության օրոք ամերիկյան զորքերը գտնվում են Աֆղանստանում։ Երկու հանրապետական և երկու դեմոկրատ։ Ես այս պատասխանատվությունը չեմ փոխանցի հինգերորդ նախագահին ․․․ Ժամանակն է վերջ դնել Ամերիկայի ամենաերկարատև պատերազմին։ Ժամանակն է, որ ամերիկյան զորքերը տուն գան»,- ասել էր Բայդենը։
Նրա հայտարարությունից հետ սակայն Աֆղանստանում բռնություններն ակտիվացել են։










